Armsport.am-ը գրում է.
Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենը» 2 շաբաթով որակազրկել է Լիոնել Մեսսիին՝ երկուշաբթի օրը Սաուդյան Արաբիա մեկնելու և մարզումը բաց թողնելու համար, ESPN-ին հայտնել են աղբյուրները:
Մեսսին չի մարզվի, չի խաղա հիմնական թիմի հետ ու չի վճարվի որակազրկման ժամանակահատվածում։
Մայիսի 2-ին ֆրանսիական L՛Equipe թերթը հայտնել էր, որ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն իր խաղացողներին ասել է, որ նրանք երկու հանգստյան օր կունենան՝ երկուշաբթի և երեքշաբթի, եթե կիրակի օրը հաղթեն «Լորյենին», սակայն պարտության դեպքում կկանչվեն մարզման։
35-ամյա Մեսսին հարցրել էր, թե արդյոք իրեն թույլ կտան մեկնել արաբական ծոց, քանի որ Սաուդյան Արաբիայում տուրիստական գերատեսչության դեսպանն է։ Գալտիեն ու սպորտային տնօրեն Լուիս Կամպոսը նրան կանաչ լույս էին տվել հաղթանակի կամ ոչ-ոքիի, բայց ոչ պարտության դեպքում։
Այնուամենայնիվ, ՊՍԺ-ի 3-1 պարտությունից հետո (3-րդ պարտությունը վերջին 4 խաղում), Մեսսին մեկնել էր Սաուդյան Արաբիա՝ առանց կրկին թույլտվություն խնդրելու, ESPN-ին ասել են աղբյուրները:
Աղբյուրներն ESPN-ին հայտնել են, որ իրավիճակը լարվածություն է ստեղծել հանդերձարանում, ու որոշ խաղացողներ դժգոհ են միջադեպից:
Աշխարհի գավաթի հաղթողի շուրջ իրավիճակն ավելի է բարդանում պայմանագրի երկարաձգման շուրջ նրա շարունակվող բանակցություններով:
Մեսսիի պայմանագիրը «Պարկ դը Պրենսում» նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը:
Իսպանական «Բարսելոնան» դիտարկում է Մեսսիի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը, չնայած Իսպանիայի առաջնության՝ «Լա Լիգայի» նախագահ Խավիեր Տեբասը նախազգուշացրել է, որ լիգան չի փոխի իր ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները՝ թույլ տալու համար նրան վերադառնալ: Աշխարհի չեմպիոնի ծառայություններով նաև հետաքրքրված են Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ» և Ամերիկայի Միացյալ Նահագների Ֆուտբոլի Բարձրագույն լիգայի «Ինտեր Մայամի» ակումբները: