Artsakhpress.am-ը գրում է.

Արդեն տևական ժամանակ Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակումը միջազգային դերակատարների կողմից փաստացի շարունակում է անարձագանք մնալ:

Արցախի Հանրապետության բնակիչների շրջանում այս ընթացքում լայն տարածում է գտել այն կարծիքը, որ իրենք լքված են միջազգային հանրության կողմից, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է խախտել սեփական միջազգային պարտավորությունները՝ առանց իր համար որևէ հետևանքների:

Այս առնչությամբ «Արցախպրես» լրատվական գործակալությունը հարցադրում է կատարել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին, թե ինչպիսի՞ ակնկալիքներ կան, մասնավորապես, Եվրոպայի խորհրդից՝ կազմակերպություն, որը լիազորված է պաշտպանելու մարդու իրավունքներն իր ողջ աշխարհագրական տարածքում՝ ներառյալ նաև Արցախը։

Ի պատասխան ԱՀ ԱԺ նախագահը նշել է, որ Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար և մարդու իրավունքներին առնչվող հետևանքների մասին միջազգային հանրության իրազեկման շրջանակներում Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) արտաքին գործերի նախարարությունը նամակներ է ուղարկել Եվրոպայի խորհրդի ղեկավարությանը և բոլոր անդամ-պետություններին՝ խնդրելով անհապաղ միջոցներ ձեռնարկել կանխելու Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հետագա խախտումները։

- Արձագանքելով իրավիճակին՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահը, Մարդու իրավունքների հանձնակատարը և Հայաստանի ու Ադրբեջանի հարցերով ԵԽԽՎ համազեկուցողները հանդես են եկել հայտարարություններով՝ կոչ անելով բացել միջանցքը, իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ է կիրառել։ Ընթացիկ հարցերի շուրջ հունվարին կայացած քննարկումներից հետո՝ Խորհրդարանական վեհաժողովում պատրաստվում է «Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքների վերացումը» խորագրով զեկույց։ Միևնույն ժամանակ, մենք խորապես հիասթափված ենք Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի կողմից հասցեական կոչի բացակայությամբ, ով 2022 թ․ դեկտեմբերի 15-ին արված շատ թույլ հայտարարությունից հետո որոշեց լռություն պահպանել՝ Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակման և Արցախի էթնիկ զտման հրապարակայնորեն հայտարարված նպատակի պայմաններում»,- նշել է ԱԺ նախագահը։

Ա. Թովմասյանի խոսքով՝ մինչ բոլոր առաջատար միջազգային իրավապաշտպանները շարունակում են ահազանգել և կոչ անել շտապ քայլեր ձեռնարկել Արցախի շրջափակումը դադարեցնելու ուղղությամբ, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն հեռու է մնացել մարդու իրավունքների այս ճգնաժամից՝ դրսևորելով երկակի ստանդարտներ և ընտրովի մոտեցում իր պաշտոնեական պարտականությունների կատարման և ընդհանրապես կազմակերպության մանդատի իրականացման նկատմամբ։ Նույնը վերաբերում է նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահին։

«Նման բարձրաստիճան պաշտոնյաների լռությունն ու անգործությունը հավասարազոր է համաձայնության, եթե ոչ հանցակցության, այն դեպքում, երբ Ադրբեջանի ավտոկրատ ռեժիմի և նրա պետական ապարատի կողմից մարդու իրավունքների զանգվածային խախտումների, արմատավորված ատելության, ֆիզիկական և հոգեբանական ահաբեկման պայմաններում ավելի քան հարյուր հազար մարդ Եվրոպայի խորհրդի տարածքում մնում է լքված։ Եվրոպայի խորհրդի ղեկավարությունը ի վերջո պետք է հավատարիմ լինի կազմակերպության իդեալներին և արժեքներին և գործի ի շահ առավել անբարենպաստ և խոցելի վիճակում գտնվող մարդկանց խմբերի, այլ ոչ թե առաջնորդվի քաղաքական նպատակահարմարության սկզբունքով։

Մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը չպետք է զոհաբերվեն տնտեսական և քաղաքական ամոթալի հաշվարկներին։ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման յուրաքանչյուր նոր օր ամոթի և այդ հանցագործության թողտվության ևս մեկ օր է նրանց կողմից, ովքեր ունեն պաշտպանության միջազգային մանդատ և դրա համար անհրաժեշտ գործիքակազմ, բայց գերադասում են չգործել»,- ասել է Արթուր Թովմասյանը։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել