Մինչև 2018-ը կային մարդիկ և կազմակերպություններ, որոնց շատերս տարիներով գիտեինք ու որոնք.
• եթե քաղաքում մի ծառ կտրեին, 100 հոգով կհավաքվեին, միտինգ կանեին, հետո ամիսներով այդ կտրած ծառի մասին կհիշեցնեին;
• եթե Երևանում մի նշանակալի շենք քանդելու լինեին, ամիսներով կաղմկեին, գործողություններ կանեին;
• եթե մի տեղ մի զինվոր զոհվեր (թեկուզ նույնիսկ իր մահը կապ չունենար ծառայության հետ), տարիներով այդ մասին կհիշեցնեին, միտինգներ կանեին;
• եթե մի իշխանավոր կանանց մասին մի վատ բան ասեր կամ մի կոնկրետ կնոջ վիրավորեր, ֆեմինիստական դրոշները կպարզեին և աղմուկը մինչև տիեզերք կհասցնեին;
• (իրենց ասելով) կռիվ էին տալիս խոսքի և կարծիքի ազատության համար, պայքարում մեդիայի ցանկացած սահմանափակումների դեմ...
Այդ մարդիկ իրենց անվանում էին իրավապաշտպաններ, բնապահպաններ, կանանց իրավունքների պաշտպաններ / ֆեմինիստներ, ակտիվիստներ ևն։
Մեկ բառով՝ իրենք իրենց անվանում էին «քաղաքացիական հասարակություն»։
2018-ից հետո այդ ամբողջ քաղհասարակությունից հատուկենտ մարդիկ են, որ շարունակում են խոսել, գրել, քննադատել, պայքարել։
Մնացածը լուռ են, երբ կտրում են ծառերը, երբ իշխանական պատգամավորը մայրուղու պոռնիկի բառապաշարով Ֆեյսբուքում կանանց է վիրավորում, երբ զինվորներ են զոհվում, երբ մեր գերիներին են խոշտանգելով սպանում, երբ մարդկանց տներից են հանում, երբ հազար ու մի օրենքներով սահմանափակում են լրատվամիջոցների և ՀԿ-ների աշխատանքը, երբ ծառերի սպանդ են անում Երևանի կենտրոնում... Լավագույն դեպքում 1–2 հերթապահ ստատուս, բացառիկ դեպքերում՝ ձևական մի հայտարարություն, որը որևէ շարունակություն չի ստանում։
Արդեն կարող ենք ապացուցված փաստ համարել, որ այդ մարդկանց մեծ մասը ԵՐԲԵՎԷ չեն եղել իրական քաղաքացիական հասարակություն, այլ տարբեր արտաքին ուժերի ազդեցության գործակալներ են եղել (ու շարունակում են մնալ)։ Քողարկվելով որպես իրավապաշտպաններ, բնապահպաններ, լրագրողներ, դասախոսներ ևն, իրականում իրենց հովանավորող ուժերի օրակարգերն են առաջ տարել Հայաստանում։
Բայց այս գրառումն այն մասին չէ, թե ինչքան վատն են իրենք, ոչ էլ այն մասին է, թե ինչ հիասթափված ենք մենք (ճտիկով միացող-անջատվող աշխուժակների էությունը գոնե իմ շրջապատում ոչ մեկի համար գաղտնիք չի եղել երբեք)։
Գրառումս այն մասին է, որ մեզ, այնուամենայնիվ, պետք են ԱԶԳԱՅԻՆ քաղաքացիական կառույցներ, ցանցեր, ենթակառուցվածքներ։
Իրական իրավապաշտպաններ, իրական բնապահպաններ ևն, ևն։ Որոնք իսկապես պաշտպանում են Հայաստանի (ներառյալ Արցախի) բնակիչների շահերը, հայերի և մեզ եղբայրական ժողովուրդների իրավունքները, մեր բնությունը, մեր պատմությունը, մեր ազատությունները։
Մենք, եթե ցանկանում ենք մեր հայրենիքում արժանավայել և ազատ ապրել, պարտավոր ենք կառուցել, այսպես ասած, ինքնիշխան հայկական քաղհասարակություն։
Սուվերեն քաղհասարակություն՝ որպես ազգային ինստիտուտ, այլ ոչ թե անձնվեր անհատների ցաքուցրիվ խմբակներ, որոնք մեռնելով ինչ-որ բան են անում, մինչև Թումանյանի հայտնի քառյակի մոմի պես վառվում են, պրծնում։
Ազգային ինքնիշխան քաղհասարակությունը այն սյուներից մեկն է, որոնց վրա հնարավոր է նորից կառուցել և հետագայում էլ զարգացնել ուժեղ հայկական պետականությունը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/groul/posts/pfbid02FjGSVftWrko42J4L16EFsyt9BQAeVtknxLndoZdehzZycuJ99sXa4PV4VWGJwRbxl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել