Tert.am-ը գրում է.

Եվրոպական ժողովրդական կուսակցության` ԵԺԿ-ի Քաղաքական վեհաժողովին մասնակցելու նպատակով այսօր Բրյուսել մեկնած հայաստանյան պատվիրակությունից Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ելույթ ունենալով վեհաժողովում ասել է, որ Հայաստանը ունի Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրելու ցանկություն, սակայն եթե այն հնարավոր չէ նախաստորագրել Խորը ազատ և համապարփակ առևտրի համաձայնագրի շրջանակներում, ապա առաջարկվել է Ասոցացման համաձայնագիրը վերամշակել և նախաստորագրել առանց ԽՀԱԱԳ համաձայնագրի: Այս մասին Բրյուսելից Tert.am-ին հայտնեց Արմեն Աշոտյանը:

Պատասխանելով Մաքսային միությանը միանալու վերաբերյալ եվրոպացի գործընկերների տարաբնույթ մեկնաբանություններին, ՀՀԿ փոխնախագահը առաջարկել է «ավելի լավ է ինչ-որ մի բան, քան ոչինչ» բանաձևը` ի հակադրություն «ամեն ինչ քաղաքականության մեջ» բանաձևին: Նա ընդգծել է, որ «ամեն ինչ քաղաքականության մեջ», այն էլ՝ խոշոր քաղաքականության մեջ, բանաձևը չի աշխատում, կենսունակ չէ և կենսունակ չէ նաև մեր տարածաշրջանում:

Արմեն Աշոտյանի մեկնաբանությամբ` այս բանաձևը նշանակում է, որ մեր երկիրը պատրաստ է եվրոպական հանրույթի հետ լայնածավալ համագործակցության, իսկ եթե այդ համագործակցության սահմանները կնեղացվեն ինչ-ինչ տեխնիկական պատճառներով, ապա «վստահաբար Հայաստանի և ԵՄի-ի միջև քաղաքական օրակարգը կարող է լինել համատեղ և ենթադրել մեր երկրի հետագա խորքային բարեփոխումներ և ժողովրդավարացում»:

Իսկ ԵԺԿ-ի Քաղաքական վեհաժողովին մասնակցելու նպատակով Բրյուսել մեկնած հայաստանյան պատվիրակության մյուս անդամը` Աժ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն իր ելույթում կարևորել է այն հանգամանքը, որ Հայաստանի համար ընդունելի չէ աշխարհը երկու ճամբարների բաժանելը: Նա նշել է, որ Հայաստանի բարեկամները, որոնք շատ լավ հասկանում են Հայաստանի վիճակը`փակ սահմանները, հակամարտությունը, բնականաբար, պետք է շատ լավ գիտակցեն նաև, թե ինչպիսի ընտրություն ենք կատարել:

Հայաստանի քաղաքական որոշման հետ կապված տարաբնույթ մեկնաբանությունների առնչությամբ Արտակ Զաքարյանը որոշումը հիմնավորել է անվտանգության հիմնախնդիրներով, ընդգծել, որ Հայաստանը միշտ բաց է եղել բոլոր միջազգային հարթակներում, բայց համակողմանի և բազմասպեկտր քաղաքականություն վարելով՝ «երբեք չենք կարող անտեսել մեր ռազմավարական շահերը»: ՀՀԿ-ական պատգամավորը հայտարարել է, որ հետայսու ևս Հայաստանը փորձելու է բոլոր կողմերի հետ վարել հենց այսպիսի քաղաքականություն:

«Հետևաբար ներկայացված որոշումը պետք է ընդունվի հարգանքով նաև եվրոպական մեր գործընկերների կողմից»,- ասել է Արտակ Զաքարյանը:

Երկու բանախոսներն էլ ընդգծել են, որ սա այն ընտրությունն է, որը բխում է Հայաստանի Հանրապետության ազգային շահերից:

Արմեն Աշոտյանն այս առնչությամբ հավելել է, որ ՀՀ նախագահի որոշումը կայացված է՝ հաշվի առնելով, համադրելով բազմաթիվ հանգամանքներ ու գործոններ և «ելնելով Հայաստանի և իր քաղաքացիների համար ամենաբարենպաստ տարբերակը ընտրելու գերակայությունից»:

ԵԺԿ-ի հանրապետական գործընկերները հավաստիացրել են, որ որևէ միջամտության և ճնշումների մասին խոսք լինել չի կարող: «Եվ այս որոշման տակ որևէ աշխարհաքաղաքական անդրկուլիսյան ճնշումներ փնտրելը ապարդյուն է»,- ասել է Արմեն Աշոտյանը:

Իսկ Արտակ Զաքարյանն էլ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հետխորհրդային տարածքում վատ իրավիճակում գտնվող, փակ սահմաններ ու հակամարտության խնդիր ունեցող պետությունների կենսական շահերը պետք է ոչ միայն հաշվի առնվեն եվրոպացի գործընկերների կողմից, այլև դրանք դիտարկվեն այդ տեսանկյունից և ոչ թե արժանանան էմոցիոնալ գնահատականների:

Բանախոսներն ընդգծել են, որ ՄՄ-ին անդամակցելու որոշումը չի փակում Հայաստան-ԵՄ համագործակցություն ճանապարհը, ինչն ընդգծել էր նաև նախագահ Սերժ Սարգսյանը` Մոսկվայում:

Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել եվրոպացի գործընկերներին նախկինում ցուցաբերված և ցուցաբերվող աջակցության և Հայաստանում իրականացված բազմաթիվ լայնածավալ բարեփոխումները հաջողությամբ ավարտին հասցնելու համար:

«Եվ նոր բարեփոխումներ շրջանակներում մենք ակնկալում ենք եվրոպացի գործընկերների հետ շարունակական աշխատանք՝ տարբեր ձևաչափերով: Ինչպես նաև ընդգծեցի, որ Հայաստանի քաղաքական օրակարգում մնան քաղաքական բարեփոխումների առաջնահերթությունները` ժողովրդավարության, ազատ խոսքի, մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների զարգացում, և այս ամենը կատարելիս ապագայում ևս ակնկալում ենք մեր եվրոպացի գործընկերների աջակցությունը»,-ներկայացրեց Արմեն Աշոտյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել