Aysor.am-ը գրում է.
Հայաստանը շարունակում է բանակցել Իրանի և Աբխազիայի երկաթուղիների շուրջ: Այս բանակցությունները 2014-17-ի Հայաստանի տրանսպորտային անվտանգության հայեցակարգի շրջանակներում իրականացվելիք միջոցառումների մի մասն են: Լրագրողների հետ հանդիպմանը, ներկայացնելով նախօրեին տեղի ունեցած ԱԱԽ նիստի մանրամասները, ասաց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Հայաստանի երկաթուղիներում, Ա. Բաղդասարյանի խոսքով, խոշոր ներդրումներ են նախատեսվում. «Ներկայում շարունակվում են Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության հետ կապված բանակցությունները: Իրանական կողմն արդեն պատրաստակամություն է հայտնել ֆինանսավորելու երկաթուղու իր հատվածը»,- ասաց նա և ավելացրեց, որ ներդրողներ ներգրավելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում, որպեսզի ապահովվի նաև մինչև Իրանի հետ սահմանի հատվածի ֆինանսավորումը: Նա հայտնեց, որ այդ առումով հետաքրքրված են ռուսական, իրանական և չինական ընկերությունները:
«Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել մասամբ ֆինանսավորելու նաև Հայաստանի տարածքով անցնող երկաթգիծը»,-ասաց նա:
Անդրադառնալով Աբխազական երկաթուղուն` ԱԱԽ քարտուղարը նշեց, որ բացման ուղղությամբ բանակցությունները շարունակվում են:
Եզրափակելով խոսքը` Ա. Բաղդասարյանը չբացառեց նաև Հայաստանի ներքին երկաթուղու համար նախագծերը:
Կշարունակվի նաև Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի շինարարությունը։ Աշխատանքներ կտարվեն Ստեփանավանի օդանավակայանը բացելու, զարգացնելու ուղղությամբ։ ԱԱԽ նիստում քննարկվել են նաև գործող ատոմակայանի գործունեությունը զարգացնելու, զուգահեռաբար նոր ատոմակայանի կառուցման հարցերը: