Mediahub.am-ը գրում է.
Այդ միջադեպից հետո էլ տեսանք, թե որն է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած երկիրը, զոհեր ու վիրավորներ ունեցանք երեկ։ Ու այս ամենից հետո էլ ասում եմ, որ արածս սխալ չէր, իհարկե չեմ փոշմանում։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Մալիշկայում վարչապետի ուղղությամբ անձրևանոց նետած կինը՝ Նարինե Ասատրյանը։
«Երկրի ծանր վիճակը նոր չէ ու ինքն էլ՝ որպես վարչապետ, նոր չէ, որ պիտի տեղյակ լինի, թե ինչ է կատարվում ու այս իրավիճակում նա գալիս է Վայոց ձոր, գյուղերով շրջում, ճանապարհների հարց քննարկում, ասֆալտ ստուգում ու հանձնարարականներ տալիս։ Վարչապետ ես, առաջինը պիտի սահման գնայիր, դիրքերը տեսնեիր, աչքովդ համոզվեիր, որ մարդիկ իրենց վարած հողերը փորում են, խրամատ սարքում։ Իսկ այս ամենի ֆոնին գիտակից քաղաքացուց ի՞նչ պետք էր սպասել»,- ասաց նա։
Նարինե Ասատրյանը մանրամասնեց, որ իմացել է Փաշինյանի այցի մասին։
«Ես բակում եմ եղել՝ պարսպից այն կողմ, դե, պարիսպը շատ բարձր չէր, իրենք էլ լավ չէին երևում։ Ես անձրևանոցը չեմ նետել, հարվածել եմ ու միտումնավոր, որ հենց իրեն կպնի, չեմ տեսել, թե ինչ է եղել հետո, բայց կարծես թե չի կպել։ Էս բողոքն ինչ-որ անձնական շահ չի հետապնդել, ես տան սերտիֆիկատ կամ այլ նման բան չեմ պահանջել, որքան էլ տունս հանձնել են թշնամուն։ Իմ ցավի, իմ բորբոքման պատճառը երկրում տիրող իրավիճակն է, որ չգիտենք՝ այսպես ո՞ւր ենք գնում։ Ամեն օր նոր զոհի մասին ենք լսում, ամեն օր այն վախով ենք քնում, թե առավոտյան նոր տարածքներ զիջած չլինենք։ Այո, ինքը պետք է հեռանա ու իր տեղն այնպիսի մարդու զիջի, որը գոնե մի փոքր այս անդունդից մեզ կհանի»,-ասաց բերձորցի կինը։
Վերջինս պատմեց նաև, որ 2003 թվականից է ընտանիքով Բերձոր տեղափոխվել և իրենց տունը լքել են նախորդ տարի օգոստոսին, վերաբնակվել Մալիշկայում։
«Հիմա Մալիշկայում էլի արցախցի ընտանիքներ կան։ Իմ արարքն էլ գյուղում շատերի համար քննադատելի չէր, մարդիկ կան, ասում են՝ մոտենայիր, պահանջդ ասեիր, բայց որ մոտենայի, գուցե, ավելի վատ լիներ։ Ես իր հետ ուղիղ խոսելու ոչինչ չունեմ, մոտենայի, ի՞նչ ասեի։ Մեկը մոտեցել էր, ասում էր՝ ժողովրդին համախմբեք, ասում է՝ դե համախմբում եմ, էլի։ Սա՞ է քո համախմբելը, համախմբված ամեն ինչ կորցնում է ժողովուրդը։ Ո՞ւր է մեզ տանում, պիտի հրաժարական տա, այլ օգտակար բան անել չի կարող ինքը»,-շեշտեց նա։
Հարցին, թե միջադեպից հետո ինչքա՞ն ժամանակ անց են նրան բերման ենթարկել, Ասատրյանը պատասխանեց, որ Փաշինյանի անվտանգության աշխատակիցների հետ նաև ոստիկաններ են եղել տարածքում և անձրևանոցը նետելուց հետո իրեն են մոտեցել։
«Ոստիկաններն, իրականում, շատ հանգիստ են մոտեցել, ուժ չի կիրառվել, ասացին, որ չարժեր նման բան անել։ Ինձ տան բակից են բերման ենթարկել, Փաշինյանը դեռ գյուղում էր, բայց տնից արդեն հեռվացել էր»։ Կնոջ խոսքով՝ արածի համար չի զղջում, ստորագրությամբ ազատ է արձակվել, սակայն չի բացառում, որ գործն այլ ընթացք կունենա։
«Չի բացառվում, որ կազատազրկվեմ, բայց մեկ է՝ չեմ փոշմանում. արել եմ, լավ եմ արել, քիչ եմ արել։ Ամեն զոհի մասին, որ ես լսում եմ, ո՞նց հանգիստ իմ կյանքին անցնեմ։ Իմ երեխեքն են բոլորն էլ, ի՞նչ տարբերություն, մեծ լինի, փոքր լինի, իմ ազգն է»։