Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:

5. Ստեփանոս VI (? – 897)

 Շատ բան հայտնի չէ Ստեփանոս VI-ի անձնական կյանքի մասին: Մենք գիտենք, որ նա ազգությամբ հռոմեացի էր և Ջոն անունով քահանայի զավակն էր: Ներգրավված է եղել պատմության ամենատարօրինակ եկեղեցական դատավարություններից մեկի` 897 թ.-ի հունվարին կայացած Դիակային Սինոդի (եպիսկոպոսական ժողով) մեջ: Ինչպես կարելի է կռահել անվանումից, այս գրոտեսկային եկեղեցական ժողովը գումարվել էր մի դիակի հետմահու դատելու համար: Խոսքը Ֆորմոսի դիակի մասին է, որը արտաշիրիմվել է` դատավարությանը իբրև մեղադրյալ մասնակցելու համար: 891-96 թթ. Ֆորմոսը զբաղեցրել է Հռոմի Պապի պաշտոնը: Կենդանության օրոք Բուլղարիայում ծավալած նրա գործունեությունը վտանգի տակ դրեց նրա` Պորտուի եպիսկոպոսի լիազորությունները, ինչի հետևանքով այն ժամանակ պաշտոնավարող Հռոմի Պապ Ջոն VIII-ը (872-882) նրան արտաքսեց եկեղեցուց: Ջոն VIII-ի մահից հետո Ֆորմոսը Պորտուում կրկին եպիսպոկոսի պաշտոն ստանձնեց և 891 թ.-ին ընտրվեց Հռոմի Պապ: Պարզ չէ, թե ով է նախաձեռնել դատավարությունը, սակայն հայտնի է, որ Ստեփանոսն է պատվիրել արտաշիրմել Ֆորմոսի դիակը և նստեցնել Հռոմի Սբ. Հովհաննեսի բազիլիկայում: Ֆորմոսի դիակի կողքին կանգել էր մի սարկավագ, որը հանդես էր գալիս իբրև նրա խոսնակը այն ժամանակ, երբ Ստեփանոսը մեղադրանքներ էր հնչեցնում նրա հասցեին: Դիակը մեղավոր ճանաչվեց կեղծ երդում տալու և կարգալույծ լինելուց հետո կրկին եպիսկոպոսական գործունեություն ծավալելու մեջ: Իբրև պատիժ դիակին մերկացրին, կտրեցին ձախ ձեռքի երեք մատները, որոնք նա օգտագործում էր օրհնություն տալու համար: Անվավեր ճանաչվեցին նրա բոլոր կարգադրությունները: Դրանից հետո մարմինը թաղվեց, հետագայում կրկին արտաշիրիմվեց և ի վերջո նետվեց Տիբեր գետը: 

 

4. Սերգիուս III (? – 911)

 

Սերգիուս III-ը հռոմեացի ազնվականի որդի էր: Նրա մասին կարող ենք տեղեկանալ դատելով նրա հակառակորդների կանխակալ հիշատակումներից, քանզի նրա մասին վկայող դրական գրությունները ոչնչացվել են: Սերգիուսի մասին մեզ հասած տեղեկություններից կարելի է ենթադրել, որ նա այնքան էլ չի համապաըտասպանում ջերմեռանդ քրիստոնյայի կերպարին: Նա մեղադրվում էր իրեն նախորդող Լեո V-ի և Քրիստոֆեր Հակապապի սպանությունները պատվիրելու մեջ: Ասում են, որ նա սիրային կապի մեջ էր երիտասարդ Մարոզիայի հետ, ով հետագայում ազդեցիկ ազնվական տիկին դարձավ: Ըստ որոշ տեղեկությունների` 931 թ.-ին Հռոմի Պապ ընտրված Հովհաննես XI-ը նրանց որդին էր: Պատմությունը գնալով ավելի տարօրինակ է դառնում: Ստեփանոս VI-ի չարաբաստիկ Դիակային Սինոդը նրան հաջորդող Պապերի կողմից անվավեր ճանաչվեց, և Ֆորմոսի ընդունած օրենքները կրկին ուժի մեջ մտան, սակայն երբ իշխանությունը ստանձնեց Սերգիուսը, նա կրկին անվավեր ճանաչեց Ֆորմոսի ընդունած օրենքները: Անգամ վարկած կա, որ Սերգիուսն է պատվիրել նորից արտաշիրմել Ֆորմոսի դիակը, խեղել այն, գլխատել և նետել Տիբեր գետը:

 

 

 

 

 3. Բենեդիկտոս IX (մոտ 1012 – 1065/85)

Բենեդիկտոս IX-ը հիմնականում հայտնի է երկու բաների համար. 1) պաշտոնավարել է մեկից ավելի անգամներ, 2) նա միակ Հռոմի Պապն է, ով վաճառել է պապական իշխանությունը: Իր հոր քաղաքական ազդեցության շնորհիվ` նա Հռոմի Պապ դարձավ բավականին երիտասարդ հասակում: Նա չուներ անհրաժեշտ փորձ կամ պատրաստվածություն, որը նրան կօգներ պատվով իրականացնել իր լիազորությունները: Բենեդիկտոսը անբարո կյանքով էր ապրում. մեղադրվում էր շնությունների, բռնաբարությունների և սպանությունների մեջ: Սբ. Պետրոս Դամիանը Բենեդիկտոսին բնորոշել է որպես դժոխքի սատանա, ով ներկայանում էր հոգևորականի կերպարանքով: Նրան հարբեցողության պատճառով վտարել են Հռոմից: Որոշ ժամանակ անց Բենեդիկտոսին հաջողվել է կրկին Հռոմի Պապ դառնալ, սակայն, ով զարմանք, դրանից հետո նա ամուսնացել է և իր քավորին է վաճառել Հռոմի Պապի աթոռը: Նրա քավորը մի քահանա էր, ով ինքն իրեն կոչում էր Գրիգոր VI: Հետագայում Բենեդիկտոսը զղջացել է և փորձել հետ բերել իր պաշտոնը: Այնքան մեծ աղմուկ է բարձրացել, որ անգամ Գերմանիայի Հենրի III թագավորն է միջամտել: Բենեդիկտոսը հետագայում եկեղեցուց արտաքսվել է: Վիկտոր III Հռոմի Պապը գրել է նրա մասին. «Իբրև Հռոմի Պապ նա ապրել է այնքան կեղտոտ և գարշելի կյանքով, որ ես սարսափում եմ անգամ մտածել այդ մասին»:  

2. Հովհաննես XII (937 – 964)

Հռոմում ծնված Օկտավիանուսին Հռոմի Պապի իշխանությունը մատուցվել է արծաթե սկուտեղի վրա, այն է` նա առանձնապես մեծ ջանքեր չի գործադրել Հռոմի Պապ դառնալու համար: Նրա հայրը ազնվատոհմ հռոմեացի էր: Վերջինս ստիպել է հռոմեացի ազնվականներին երդվել, որ երբ Հռոմի Պապի աթոռը թափուր լինի, նրանք կաջակցեն, որպեսզի իր որդի Օկտավիանուսն ընտրվի Հռոմի Պապ: Երբ Օկտավիանուսն ընդամենը 18 տարեկան էր, Հռոմի Պապը մահացավ, և Օկտավիանուսը զբաղեցրեց նրա պաշտոնը ու կոչվեց Հովհաննես XII: Նրա մասին պահպանված բոլոր հիշատակությունները գրվել են նրա թշնամիների կողմից, ուստի հավանական է, որ մեր ունեցած տեղեկությունները խեղաթյուրված լինեն: Այդ տեղեկությունները ցնցող են, քանզի դրանք վկայում են այն մասին, որ նա Վատիկանը դարձրել էր հարեմ: Հովհաննես XII-ը մեղադրվում էր մի շարք շնություններ գործելու մեջ: Ըստ որոշ աղբյուրների` նա շնացել է անգամ իր զարմուհու հետ: Հովհաննես XII-ը կուրացրել է իր խոստովանահորը, ամորձատել և ապա սպանել դպիրին, չար ոգիներ կանչել և այլն: Եթե անգամ այս տեղեկությունների մի մասը կեղծ է, այնուամենայնիվ ակնհայտ է, որ նա բարեպաշտ Հռոմի Պապ չի եղել: Բավական է ուսումնասիրել միայն Հովհաննեսի մահվան պատմությունը. նրան սպանել է մի խանդոտ ամուսին, ում կնոջ հետ նա սիրային կապի մեջ է եղել:  

1. Ալեքսանդր VI (1431 – 1503)

Ամենաանհաջող Հռոմի Պապերի տասնյակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է Ռոդրիգո Բորջիան: Նրա բախտը բերել էր, որ Կալիքստուս III Պապը նրա հորեղբայրն էր: Նպաստավոր սոցիալական դիրքի շնորհիվ նա դարձավ եպիսկոպոս, ապա` կարդինալ և մեծ ունեցվածք դիզեց այդ ընթացքում: 1492 թ.-ին նա կաշառք տվեց և փաստորեն գնեց Հռոմի Պապի պաշտոնը: Ալեքսանդրն արատավորում էր Հռոմի Պապի համբավը. նա նվազագույնը յոթ արտաամուսնական երեխաներ ուներ իր սիրուհիներից: Նա չէր զլանում եկեղեցու հաշվին թանկարժեք ընծաներ շնորհել իր երեխաներին: Երբ Ալեքսանդրի մոտ ֆինանսական խնդիրներ էին ծագում, նա նոր կարդինալներ էր նշանակում և դրա դիմաց կաշառք վերցնում կամ հարուստ մարդկանց վրա արհեստականորեն հարկեր էր դնում: Եթե նրանք հրաժարվում էին վճարել այդ հարկերը, նա դատում էր կամ սպանում նրանց հարկերից խուսափելու համար, իսկ այնուհետև գողանում նրանց ունեցվածքը: Ալեքսանդրի եսասիրական նկրտումները կործանարար էին ողջ Հռոմի համար: Բորջիայի` Հռոմի Պապ ճանաչվելուց հետո Ջիովանի դը Մեդիչին (ապագա Հռոմի Պապ Լեո X-ը) ասել է. «Այժմ մենք գայլի ձեռքերում ենք, աշխարհի ամենաագահ գայլի ձեռքերում: Եթե մեզ չհաջողվի խույս տալ նրանից, նա մեզ բոլորիս կխժռի» :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել