Emedia.am-ը գրում է.

«ԱրմենՏել» ընկերության հասարակայնության հետ կապերի և լրատվության պատասխանատու Անուշ Բեղլոյանը, արձագանքել է այսօրվա՝ «Ժողովուրդ» օրաթերթի այն հրապարակմանը, որի համաձայն Beeline-ի աշխատակիցները ծեծի են ենթարկել օտարերկրացու:

«Ս.թ. սեպտեմբերի 6-ին մի շարք լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել Հյուսիսային պողոտայում գտնվող «ԱրմենՏել» ընկերության Beeline Վաճառքի և սպասարկման գրասենյակի մոտ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Այդ առնչությամբ «ԱրմենՏել» ընկերությունը հարկ է համարում տեղեկացնել, որ վերը նշված տեղեկատվությունը թերի է և պարունակում է անճշտություններ:

Սույն թվականի սեպտեմբերի 3-ին Երևանի Հյուսիսային պողոտայի Beeline Վաճառքի և սպասարկման գրասենյակ մուտք են գործել օտարերկրյա մի քանի քաղաքացիներ, ովքեր, հավանաբար, գտնվելով ալկոհոլի կամ թմրադեղի ազդեցության տակ, խոչընդոտել են գրասենյակի բնականոն աշխատանքին, անհարգալից վերաբերմունք ցուցաբերել գրասենյակի աշխատակիցների և հաճախորդների հանդեպ: 
Իրավիճակը մեղմելու և հետագա անախորժություններից խուսափելու նպատակով, գրասենյակի անվտանգության պատասխանատուն կարգազանցներին դուրս է հրավիրել գրասենյակի տարածքից:

Վերը նշված օրինախախտ քաղաքացիները կրկին փորձ են կատարել ներխուժել մեր ընկերության գրասենյակ և չկարողանալով անել դա` դաժանաբար ծեծի են ենթարկել «ԱրմենՏել» ընկերության աշխատակիցներին` հասցնելով նրանց ծանր մարմնական վնասվածքներ` ընդհուպ մինչև ձեռքի կոտրվածք, որից հետո նաև տեղի է ունեցել երկկողմանի քաշքշուկ, ինչի արդյունքում տուժել են նաև կարգազանցները:

Տուժածները դիմել են իրավապահ մարմիններին իրենց հասցված վնասվածքների դատա-բժշկական փորձաքննություն կատարելու խնդրանքով և ակնկալում են, որ իրավապահ մարմինները համապատասխան միջոցներ կձեռնարկեն, իսկ իրավախախտ անձինք կենթարկվեն պատասխանատվության»,-գրում է Անուշ Բեղլոյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել