1in.am-ը գրում է.
Հայաստանի Ազգային ժողովում Հռոմի ստատուտը վավերացնելու հարցի շուրջ քննարկում չի եղել, Հռոմի ստատուտի վերաբերյալ քննարկումն ու դատարան ուղարկելը եղել է 2022 թվականի տարեվերջին՝ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Մենք ունենք Հայոց ցեղասպանության, ղարաբաղյան պատերազմների ժամանակ մարդկության դեմ արված հանցագործությունների դեպքեր, և Հայաստանի համար դա անհրաժեշտ գործիք է։ Բայց միևնույն ժամանակ մենք միշտ մեզ պահել ենք որպես դաշնակից, և Ռուսաստանի Դաշնության դեմ հատուկ որևէ քայլ մենք չենք արել»,- ասել է Սիմոնյանը՝ անդրադառնալով Միջազգային քրեական դատարանի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տալու համատեքստում Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի հնարավոր վավերացման շուրջ քննարկումներին։
Այս համատեքստում նա աբսուրդ է որակել Հայաստանի կողմից Վլադիմիր Պուտինին ձերբակալելու քննարկումները։ «Դա աբսուրդ է, մենք միշտ մեզ պահել ենք դաշնակցի պես և ճիշտ ենք եղել մեր հարաբերությունների մեջ, որը մեզ այսօր թույլ է տալիս նաև քննադատել Ռուսաստանի որոշ գործողություններ, որոնք առնվազն անհասկանալի են մեզ համար։ Մենք մշտապես մեզ որպես ճիշտ դաշնակից ենք պահել և ազնիվ ենք պահել բոլոր մեր գործընկերների հետ։ Կրկնում եմ՝ այստեղ քաղաքական որևէ ենթատեքստ ման գալ պետք չէ, իսկ քննարկում դեռ չի եղել»,- նշել է Ալեն Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ ՌԴ պաշտոնատար անձինք, որոնց հետ ինքը շփումների մեջ է, այդ հարցը չեն էլ բարձրացրել և Հայաստանի պարագայում նման հարց բարձրացնելը տեղին չէ, որովհետև Հայաստանը մշտապես ՀԱՊԿ-ի գործընկերների և մյուս բոլոր միջազգային գործընկերների հետ իրեն պահել է պարկեշտ, ազնիվ և դաշնակցային մակարդակում՝ միևնույն ժամանակ իր երկրի շահերը չստորադասելով որևէ այլ շահերի։
Պատասխանելով հարցին՝ արդյոք կարծում է, որ Հռոմի Ստատուտը վավերացվելու է՝ Սիմոնյանը նշեց, որ իր կարծիքով այն արագ վավերացնելու անհրաժեշտություն Հայաստանի Հանրապետությունն այսօր չունի։ Ինչ վերաբերում է արագ վավերացնելու ռիսկերին, ապա Ալեն Սիմոնյանը կարծում է, որ դա ոչ դրական քայլ է Ռուսաստանի նկատմամբ, որի իմաստը և օգտակար գործողության գործակիցն ինքը չի հասկանում։
«Կան բազմաթիվ երկրներ, որոնք դա վավերացրել են, և Հայաստանը չպետք է այս հարցում պիոներ լինի։ Հասկացանք, որ մենք դժգոհ ենք այն արձագանքներից և գործողություններից, որոնք կան Ռուսաստանի կողմից, և ունենք բազմաթիվ հարցեր, որոնք պետք է քննարկենք, բայց միևնույն ժամանակ, իմ սուբյեկտիվ կարծիքով, այսօր նման քայլ անելը ես ճիշտ չեմ համարում», - եզրափակեց նա։