Բըրբանկ, Կալիֆոռնիա, ԱՄՆ - Մարտի 25-ին ԱՄՆ Բըրբանկ քաղաքում տրվեց «Հայկական բիզնես անկյուն» նախագծի պաշտոնական մեկնարկը: 20 հայկական ընկերություններ և 16 ծառայություններ այսուհետև ներկայացված կլինեն ամերիկյան շուկայում։
«Հայկական յուրաքանչյուր ընկերություն ունի ճիշտ ներկայացված լինելու իր ռազմավարությունը և փիլիսոփայությունը։ Շատ հաճախ մեկօրյա ցուցադրություն- վաճառքների միջոցով չի հաջողվում ընկերության ասելիքը հաղորդել հասցեատիրոջը, ուստի մենք որոշեցինք վերցնել 6-ամսյա փուլ և այդ ժամանակահատվածում ճիշտ ներկայացնել տվյալ ընկերությունը կամ ծառայությունը ամերիկյան շուկային։ Ճիշտ ներկայացնելով դրանք՝ հիմք ենք տալիս մեր գործարար աշխարհին ներդրումներ անել այդ ընկերություններում»,- իր խոսքում ասաց «Հայկական բիզնես անկյուն» նախագծի հիմնադիր Միքայել Հայրապետյանը։
Միջազգային բիզնեսի ինտեգրացիայի առումով այս նախաձեռնութունը որոշիչ քայլ է լինելու հայկական ընկերությունների համար՝ իր նպաստը բերելով նաև Հայաստանի տնտեսությանը։
Նախագծի թիմն արդեն բանակցել է ամերիկյան խոշոր ցանցերի հետ, որոնք պատրաստ են հայկական ապրանքատեսակներն ընդունել։
Հայաստանից դեպի ԱՄՆ ապրանքները հասցվում են սովորաբար ամիսների ընթացքում։ Նախագիծը մասնակից ընկերություններին տալու է համապատասխան գործիքներ, որով կարողանալու են առանց կորուստների կարգավորել նմանատիպ խնդիրները:
Նախագծի մեկնարկի հանդիսավոր արարողությանը ելույթներով հանդես եկան Գլենդելի քաղաքապետ Արտաշես Քացախյանը, Բըրբանկի քաղաքապետ Կոնստանտին Էնթոնին, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրթյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսի պաշտոնակատար Նազելի Համբարձումյանը, «Union Bank»-ի փոխնախագահ Շահե Մազբանյանը, Կալիֆոռնիայի նահանգային օրենսդիր մարմնի անդամ Ադրին Նազարյանը և այլք:
Նրանք ևս մեկ անգամ իրենց աջակցությունն ու օգնության պատրաստակամությունը հայտնեցին նախագծի հաջող ընթացքի գործում: Ներկաները նաև շնորհակալություն հայտնեցին նախագծի հիմնադիր Միքայել Հայրապետյանին՝ հայկական արտադրանքը միջազգային շուկային ներկայացնելու ուղղությամբ մեծածավալ և անգնահատելի աշխատանք նախաձեռնելու և իրականացնելու համար:
Բըրբանկի քաղաքապետ Կոնստանտին Էնթոնին իր խոսքում նշեց, որ շատ ուրախ է, որ Բըրբանկում ձևավորված հայկական մեծ ու ամուր օջախն օրեցօր զարգանում է: Նա ընդգծեց, որ նախագծի մասին իրեն պատմելիս ինքը տեսել է Միքայել Հայրապետյանի աչքերի փայլն ու հավատացել նախագծի հաջողությանը:
Գլենդելի քաղաքապետ Արտաշես Քացախյանն էլ նկատեց՝ միասնությունը կարող է ստեղծել այնպիսի արժեքներ, որոնք անհնարին է քանդել, նրա խոսքով՝ այս բարդ շրջանում նմանատիպ նախագծերը նպաստում են Հայաստանի տնտեսության զարգացմանը, ուստի «Հայկական բիզնես անկյուն» նախագծի հաջողությանը պետք է աջակցեն բոլորը՝ իրենց ուժերի ներածին չափով:
Նշենք, որ նախագիծն արժանացավ պատվոգրերի Բըրբանկի քաղաքապետի և ԱՄՆ պետական առևտրի պալատի կողմից։ Իսկ անմիջապես միջոցառման ընթացքում հասցրին գրանցվել մի քանի բիզնես առաջարկներ Բիզնես անկյունում ներկայացված ընկերություններից 3-ի համար, որոնք հաջորդ օրերի ընթացքում մանրամասն կհետազոտվեն «Հայկական բիզնես անկյուն» նախագծի թիմի կողմից։
Նախագծի գլխավոր գործընկերներն են ArmSwissBank-ը և Enterprise Armenia-ն։
Տաղավարների նախագծման հարցում իր ներդրումն է ունեցել GMD ընկերությունը։ Մասնակիցների արտադրանքի և ուղեկցող գովազդային նյութերի տեղափոխման հարցում աջակցել է Sip2Arm կազմակերպությունը։ Տարբեր ձևաչափերի տպագրական նյութերի պատրաստումը վստահվված էր Creative Lab-ին, իսկ մարքեթինգային հաղորդակցությունների կազմակերպումը` Gama մարքեթինգային գործակալությանը։
Նշված բոլոր ընկերությունները հանդիսանում են Armenian Business Corner նախագծի առաջին 36 մասնակիցներից և հաջորդ 6 ամիսների ընթացքում իրենց տաղավարով ներկայացված են լինելու ԱՄՆ-ում։