Azatutyun.am-ը գրում է.

Իրանը չի հանդուրժի սիոնիստական տարրերի առկայությունը տարածաշրջանի երկրներում և դիմակայելու է դրան, իրանա-ադրբեջանական հարաբերությունների լարվածության ֆոնին՝ դիմելով Բաքվին՝ հայտարարել է իսլամական հանրապետության ցամաքային զորքերի հրամանատար Քիումարս Հեյդարին։

Այս մասին հայտնում է Ազատությունը։

Նա նշել է, որ Կովկասում առկա զգայուն հարցերից մեկն այդ երկրի սահմաններին սիոնիստական ռեժիմի տարրերի, մյուսը՝ սիրիացի ահաբեկիչների առկայությունն է, որոնք տարածաշրջան են տեղափոխվել ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ։

Ի պատասխան՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը զրպարտություն է որակել իրանական բանակի հրամանատարի հայտարարությունը՝ պնդելով, թե «Ադրբեջանի տարածքում օտար տարրեր չկան», և Բաքվի հասցեին Թեհրանի բոլոր մեղադրանքները «անհիմն և անընդունելի են»։

Իրանցի գեներալը նաև շեշտել է, որ Թեհրանը թույլ չի տա փոփոխություններ Հայաստանի հետ սահմանին։ Բաքվից կրկին մեղադրանքներ են տեղացել, թե իրանական կողմը մշտապես աջակցել է Հայաստանին, այդ թվում՝ պատերազմից առաջ։

«Եվ այսօր ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ֆրանսիան և Իրանը Հայաստանի հիմնական դաշնակիցներն են աշխարհում»,- ընդգծել են նախարարությունից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել