Հարցազրույց հասարակական գործիչ, 5165 շարժման նախկին առաջնորդ Կարին Տոնոյանի հետ։

- Դուք հայտարարեցիք, որ հեռանում եք քաղաքականությունից, սակայն շարունակելու եք պայքարը քաղաքականությունից դուրս։ Ինչո՞ւ այդպիսի որոշում կայացրիք։

- Հայաստանում այս պահին քաղաքական դաշտն ամուլ է, էական ոչինչ տեղի չի ունենում։ Եթե անկեղծ խոստովանենք, բոլորը շվարած են եւ չգիտեն, թե ինչ անել, բայց չեն կարող դա խոստովանել, որովհետեւ փակուղի է մտել բոլոր խմբերի ամբողջ քաղաքական գործունեությունը։ Ժողովրդի մեջ քաղաքականության նկատմամբ ձեւավորված նեգատիվը խանգարում է, ինձ առավել քան խանգարում էր ցանկացած ոլորտում, անգամ հենց քաղաքականության մեջ խանգարում էր իմ՝ քաղաքական դեմք լինելը։ Որպեսզի ես իմ ձեռքերն ազատեմ այդ շուռի-մուռի գալուց, որովհետեւ քաղաքականության մեջ միշտ ասում են՝ սա կարելի է, սա չի կարելի, սա թիմի հետ պիտի քննարկել։ Այսինքն՝ ինքը թիմային աշխատանք է, խմբային է, ինչքան էլ ուզես ամեն ինչ ծառայեցնել հայրենիքին, միեւնույն է, պիտի անպայման հաշվի առնես խմբային շահը։

- Այսինքն՝ ներսում անհամաձայնություննե՞րն են եղել պատճառը։

- Ոչ, ոչ․․․ այսպես ասեմ, ոչ թե անհամաձայնություններ, այնուամենայնիվ, բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ իմ նկատմամբ միշտ եղել է մեծագույն հարգանք մեր տղաների կողմից, որի համար շնորհակալ եմ, բայց, օրինակ, համագործակցության նոր ձեւ էր սկսվել՝ «Համախմբումը», որն ընդլայնվում էր, որտեղ պարտադիր էին հանդիպումներ այլ խմբերի հետ, որոնց հետ ես սկզբունքային հակասություններ ունեի։ Դուք գիտեք իմ դիրքորոշումը նախկին քաղաքական ուժերի նկատմամբ։ Ես միշտ բարձրաձայն հայտարարել եմ, որ ես իրենց պակաս մեղավոր չեմ համարում այս իրավիճակի համար, եւ ստացվում էր, որ այդպես անընդհատ դու պիտի զգուշանաս, որովհետեւ այս պահին մեր գլխավոր մեղավորը, թշնամին գործող իշխանությունն է, մյուսների նկատմամբ հիմա՝ արժի-չարժի։ Այսպիսի բաներ։ Ես՝ ինքս, միշտ կողմնակից եմ եղել անկեղծությանն ու բաց խոսքին եւ երբեք չեմ ընդունել, որ կարելի է կես ազնիվ լինել կամ կես բաց լինել։ Ինձ համար այդ երկու տարվա քաղաքական կյանքի մասնակցությունը, որովհետեւ ես չեմ համարում, որ ես դարձա քաղաքական գործիչ այդ երկու տարում, համենայնդեպս, այդ ոլորտում լինելն ինձ հուշեց մի բան, որ ազատ մարդը շատ կդժվարանա քաղաքականություն կոչվող այնպիսի միջավայրում, ինչպիսին Հայաստանում է։ Գուցե այլ երկրներում դա ավելի հեշտ է, չգիտեմ, բայց Հայաստանի քաղաքական դաշտը շատ սահմանափակ մտածողություն ունի, բացարձակապես խմբային շահի թելադրանք կա Հայաստանի քաղաքական դաշտում։ Իսկ ես, կներեք, մտել էի այդ դաշտ միմիայն հայրենիքի շահի համար պայքարի նպատակով։ Ես զգացի, որ կաշկանդում է ինձ այդ՝ «քաղաքական գործիչ» տերմինն անգամ, որ գրվում է։ Եվ բացատրեցի դա տղաներին․ մեր հարաբերությունները մնում են շատ-շատ լավ, իրենք էլ՝ շատ շնորհակալ եմ, ինձ հասկացան, որ անգամ իրենց ես շատ ավելի օգտակար կլինեմ դրսից, քան ներսից։ Բավական երկար քննարկումներից հետո, այսպես ասեմ, ես իրենց համոզեցի, որ իմ տեսակին քաղաքականությունը խեղճացնում է։

- Նշեցիք, որ մեր քաղաքական դաշտն ամուլ է։ Իշխանության տեսանկյունից գործելաոճը հասկանալի է, սակայն անդրադառնալով ընդդիմությանը՝ ինչո՞ւ այս արդյունքն ունեցանք։

- Որովհետեւ այնտեղ խմբային շահն ավելի գերակա էր։ Մեր ընդդիմությունը՝ ե՛ւ հին ընդդիմությունը, որ իրեն համարում է դասական, որ այսօր խորհրդարանում է, ե՛ւ նոր ձեւավորվող ընդդիմությունը, չի կարողանում իր մեջ հաղթահարել այդ խմբային շահի, ամբիցիաների պատնեշը, եւ դրա համար մենք այսօր այս վիճակում ենք, դրա համար Նիկոլն էլ շատ լավ տեսնում է դա, ինքն էլ նպաստում է այդ պառակտմանը, եւ այսօր ընդդիմությունն այսպես մտել է փակուղի։ Մեկ ելք կա այս ամենից, եւ դա հասկանում են բոլորը, որ կա՛մ միանում ենք՝ միասին ենք լինում, կա՛մ եթե ամեն մեկն իր խմբային շահն է պաշտպանում, մնում է նույն վիճակում։ Եվ մնում է, ինչպես տեսնում ենք։

- Ամենաքննարկվող թեման թերեւս Երեւանի ընտրություններն են։ Վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ ձայների հարաբերակցությամբ Երեւանը Հայաստանի ամենաընդդիմադիր հատվածն էր։ Ի՞նչ եք կարծում, ընդդիմությունը պե՞տք է օգտագործի այս հնարավորությունն ու մի կողմ դնելով խմբային շահերը, հանդես գա միասնական թեկնածուով։

- Շատ շնորհակալ եմ այդ հարցի համար, որովհետեւ ես՝ որպես քաղաքացի, որպես հասարակական գործիչ, մարդ, հենց այդ հարցը բարձրացնելու եմ եւ պնդելու եմ, որ եթե ընդդիմությունն իր բոլոր թեւերով չմիավորվեց եւ մեկ թեկնածուով չպայքարեց այս իշխանության դեմ, ուրեմն բոլորն արդեն խոստովանում են, որ իրենք հայրենիքի շահի պահողը չեն։ Այս պահին բոլորը շատ լավ գիտակցում են, որ Երեւանի ընտրությունները շատ մեծ նշանակություն ունեն Հայաստանի համար։ Երեւանը Հայաստանի կեսն է, եւ Երեւանի քաղաքապետն ունի համարյա նույն իշխանությունը, ինչ որ ունեն այսօրվա գործող իշխանությունները։ Այսինքն՝ մենք կիսվելու ենք, եթե կարողանանք քաղաքապետի ընտրություններում ոչ նիկոլական թեկնածուի տեսնել կամ տեսնել նրան որպես քաղաքապետ՝ կարծում եմ սա բոլորն են գիտակցում։ Եթե ընդդիմությունը կարողանա մի կողմ թողնել իր՝ ցանկացած տեսակի խմբային շահը եւ միավորվի մեկ անկախ, թող ոչ մի թեւից չլինի, ներկայացուցչի, թեկնածուի շուրջ, նրա հետ միասին կհաղթի գործող իշխանություններին։ Փաստորեն, մենք ելք ունենք, բայց չենք գնում այդ ելքի ետեւից։

- Կարո՞ղ եք մի քանի անուններ նշել, որոնք կարող են լինել ընդդիմության միասնական թեկնածու, որոնք շանսեր ունեն հաղթելու։

- Անկեղծ ասած՝ ես այս պահին չեմ կարող թեկնածու ասել։ Չնայած քաղաքական գործիչները պնդում են, որ թեկնածուն պարտադիր պիտի լինի ճանաչված դեմք, քաղաքական գործիչ, ես այդ կարծիքին չեմ։ Կարելի է գտնել անգամ քաղաքապետարանում աշխատած, փորձ ունեցած նախկին փոխքաղաքապետերից եւ այլն, ու նրան դարձնել ճանաչելի։ Այստեղ էականը նույնիսկ շատ ճանաչված մարդ կամ քաղաքական գործիչ լինել-չլինելը չէ, ի վերջո, փոխքաղաքապետերը կարող են լինել հենց այդպիսի մարդիկ, եւ նրանց շատ օգնեն փորձ ունեցողները։ Կարեւորը՝ որ միասնական թեկնածու լինի եւ կարողանա ընտրություններում հաղթել։ Մենք շատ լավ գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը պարտվեց Երեւանում, եւ, այնուամենայնիվ, այսօր հնարավոր է Երեւանում վճռվի Հայաստանի հաջորդ ընտրությունների ճակատագիրը։ Սա շանս է բոլոր նրանց համար, ովքեր հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանն է մեր գլխավոր խնդիրը։ Հետեւաբար, եթե սա շանս է, եւ դու շանսը չես օգտագործում, ինչ պատճառաբանություն էլ ուզում ես բեր, ուրեմն նվազագույնը՝ անկեղծ չես քո նպատակների, քո շահերի մեջ եւ դու չես կարողանում Հայաստանի, հայրենիքի շահը վեր դասել քո խմբային շահերից։ Այդ մասին Նժդեհը փայլուն է ասել, եւ եկել է պահը՝ ապացուցելու։ Հակառակ պարագայում կստացվի, որ Հայաստանում կուսակցությունները խաղում են միայն պառակտիչ դեր՝ պաշտպանելով իրենց խմբային շահը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել