Ամերիկացի հայտնի ֆինանսիստ ու ձեռնարկատեր «Pershing Square Capital Management» հեջ-ֆոնդի հիմնադիր և ղեկավար Բիլլ Էկմանը վերջերս ելույթ էր ունեցել, թե ինչպես պետք է ներդրումների ժամանակ խուսափել կորուստներից: Հենց այդ մասին էլ կլինի այսօրվա գրառումը: Ելույթ է ունենում Բիլլ Էկմանը`
Բոլորս էլ գիտենք, որ ինչքան եկամտաբերության սպասելիքները մեծ են, այնքան բիզնեսը ռիսկային է և ընդհակառակը: Իմ խնդիրն է ուղղակիորեն խուսափել գումար կորցնելուց: Ինչպե՞ս:
- Վերցնենք Ուորեն Բաֆեթի խոսքերը` «Ներդրողի համար առաջին կանոնն է երբեք չկորցնել գումարը, իսկ երկրորդը` երբեք չմոռանալ առաջին կանոնի մասին»:
- Մի ներդրեք ստարտափերում, որոնց ապագան անհայտ է, և Դուք չունեք որևէ գնահատման մեխանիզմ, որով կարող եք հասկանալ ստարտափի պոտենցիալը:
- Ներդրեք այնպիսի ընկերություններում, որոնց բաժնետոմսերն արդեն երկար տասնամյակներ բորսայում են:
- Հետաքրքրվեք, թե կոնկրետ տվյալ ընկերությունն ինչի հաշվին է գումար աշխատում, այսինքն` դիտարկեք նրա բիզնես մոդելը, որպես եկամտի աղբյուր ապահովող գործոն:
- Ներդրեք և բաժնետոմսեր գնեք խելամիտ գումարով, այսինքն` իրական գնի հաշվին, եթե օրինակ Apple-ը ներկայացնի իր նոր iPhone 8-ը, ենթադրենք, ապա միանգամից սկսվելու է էփլամանիան, որի հաշվին ընկերության բաժնետոմսերը հնարավոր է այդ մի ամսում բարձրանան, իմաստ չունի այդ ընթացքում կատարել գնումներ:
- Ներդրեք այնպիսի ընկերություններում, որոնց գոյությանը ոչինչ չի խանգարում, օրինակ` ապահովագրություն, զովացուցիչ ըմպելիքներ` Coca-Cola, մարդիկ միշտ ըմպում են այն, McDonald’s, ֆրի կամ համբուրգեր նույնպես ուտում են և այլն:
- Փնտրեք այնպիսի ընկերություններ, որոնք ունեն սահմանափակ, կարճաժամկետ ու քիչ պարտքեր: Ընտրեք այնպիսի ընկերությունների, որոնք չեն աշխատում միայն նրա համար, որ եկամտի միջոցով մարեն վարկերն ու այլ պարտավորությունները:
- Միշտ խուսափեք այն ընկերություններից, որոնք ունեն բաժնետոմսերի մեծ փաթեթ ունեցող բաժնետեր, քանի որ հնարավոր է անընդհատ որոշումները միայն նրանք կայացնեն, և դա վնաս հասցնի բիզնեսին:
- Հետևեք մենեջմենթին և ուսումնասիրեք, թե ինչքանով նա կարող է պաշտպանել Ձեր շահերը, վերջին տարիներին ինչպիսի արդյունք է տվել ղեկավար օղակը, քանի որ նրա որոշումներն են ավելացնելու Ձեր ակտիվները:
Ահա այսպիսի խորհուրդներ, որոնց կիրառումը թույլ կտա առօրյայում խուսափել կորուստներից: