Արդեն 2-րդ օրն է` անընդհատ կարդում եմ Ասոցացման պայմանագրի ու Ասոցացման համաձայնագրի մասին: Ամբողջ հայկական հեռուստատեսությունն ու հայալեզու համացանցը հագեցած են նմանատիպ վերնագրերով ու այս կամ այն ձևով ապագայի գուշակների տեղն իրենց դրածների գրառումներով:
Բայց իրականում ի՞նչ պետք է արվեր: Սկսեմ նրանից, որ այդ անունները իրականում ոչ մի նշանակություն չունեն, և այս դեպքում Հայաստանը պարզ ընտրություն պետք է կատարեր` ԵՎՐՈՊԱ, ԹԵ ՌՈՒՍԱՍՏԱՆ: Եվ եթե օրինակ մի պահ մոռանանք Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը, հարևանների հետ հարաբերությունները, ապա միանշանակ ընտրությունը պետք է կանգներ ԵՎՐՈՊԱ-յի վրա: Եվրոպա դառնալը կամ գոնե ձգտել նմանվելը իրական երազանք է յուրաքանչյուրիս համար, ով գոնե մեկ անգամ այցելել է եվրոպական երկիր ու գոնե աչքի տակով տեսել է Ռուսաստանը: Եվրոպան զարգացվածությամբ մի քանի գլուխ բարձր է մեզանից, իսկ լավ ուսուցչի հետ սեղան նստելը միշտ էլ ուսանելի է:
1.Հիմա վերադառնանք մեր աշխարհաքաղաքական դիրք: Մենք ոչ հարևան ենք Եվրամիության երկրներից որևէ մեկին և ոչ էլ սահման ունենք Ռուսաստանի հետ: Եվ փաստորեն այդ կողմից նույնպես ամեն ինչ հավասար է: Բանն այն է, որ մենք ունենք մի մեծ խնդիր, ինչն էլ հենց մեր թույլ կետն է` ՂԱՐԱԲԱՂԸ: Իսկ մտածե՞լ եք, թե ինչ կլինի դրա հետ, եթե ասենք միանայինք Եվրոպային: Այսօր, ինչքան էլ ցավալի է, Ադրբեջանին զսպող միակ ուժը Ռուսաստանն է: Եթե նա նույնպես անցնի Ադրբեջանի կողմը կամ թեկուզ և չեզոք դիրք ընդունի, ապա միանշանակ մենք կհայտնվենք բավականին ծանր իրավիճակում: Եվ ո՞ր դաշնակցից կարող ենք սպասել օգնություն: Եվրոպային պետք է նաև Ադրբեջանը, ու հաստատ իր քաղաքացիներին կամ իրենց հաշվին գնված զենքը չի ուղարկելու մեզ նվեր: Ու ինչպես Վրաստանի պատերազմի ժամանակ, Եվրոպան ոչինչ էլ չի անի` բացառությամբ ինչ-որ անիմաստ հայտարարությունների ու հեռու տեղերից հնչող խոսքերի:
2.Մեր երկրում ռազմավարական նշանակության օբյեկտների կարևորագույն մասը գտնվում է այսպես ասած «գտնվում է ռուսի ձեռը», ու ինչպե՞ս էիք պատկերացնում պայքարը, պատերազմը առանց ատոմակայանի, գազի և այլն..
3.Մեր ամբողջ իշխանությունն է գտնվում Ռուսաստանի ձեռքում: Ու Հակառուսական որոշում ընդունելը ուղղակի կնշանակեր, որ Ռուսաստանը կակտիվացներ հայկական ընդդիմությանը, ու Սերժ Սարգսյանը իր «մեծ ընտանիքով» ստիպված կլիներ լքել աթոռը:
Հ.Գ.. Խայտառակ վատ պայմաններում Սերժ Սարգսյանը, թեկուզ և ոչ հիմնական գործոնից դրդված, կայացրեց «ՉԱՐՅԱՑ ՓՈՔՐԱԳՈՒՅՆ» որոշում: Մենք կշարունակենք մնալ նույն հին գավառական երկիրը` հեռու ապրելով քաղաքակրթությունից, սակայն գոնե կունենանք չվերանալու ավելի մեծ հնարավորություն: 
Հաջորդ քայլը Ռուբլու գոտուն անցումն ու նոր «ՍՈՎԵՏ»-ի վերածնունդն է: Զարմանալի է, բայց Նոստրադամուսը «Նոր ԽՍՀՄ»-ը տեսել էր դեռ 16-րդ դարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել