Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:

5. Նապոլեոնի թուրը

Պետական հեղաշրջումից հետո 1799 թ.-ին Նապոլեոն Բոնապարտը դարձավ Ֆրանսիայի ռազմական և քաղաքական առաջնորդը: Հինգ տարի անց Ֆրանսիայի Սենատը նրան կայսր հռչակեց: 19-րդ դարի առաջին հարյուրամյակում Նապոլեոնը և Ֆրանսիական կայսրությունը հակամարտության մեջ էին բոլոր եվրոպական խոշոր ուժերի հետ: Մի շարք հաղթանակներ տանելով` ֆրանսիացիներն ի վերջո գերիշխող դիրք գրավեցին մայրցամաքային Եվրոպայում: Հետագայում պատմությունը կրկնվեց. 1812 թ.-ին ֆրանսիացիները ձեռնամուխ եղան Ռուսաստանի գրավմանը: Ռուսաստանը գրավելու որոշումը շրջադարձային էր Նապոլեոնի ճակատագրում: 1814 թ.-ին Վեցերորդ կոալիցիան նվաճեց Ֆրանսիան, և Նապոլեոնը գերեվարվեց ու աքսորվեց Էլբա կղզի: Նա ի վերջո մահացավ Սուրբ Հեղինեի կղզում բանտարկված ժամանակ: Պատմաբանները Նապոլեոնին համարում են հանճարեղ ռազմական առաջնորդ: Մարտի դաշտում Նապոլեոնը զինված էր ատրճանակով և թրով: Նա զենքերի մեծ հավաքածու ուներ: 2007 թ.-ի ամռանը Նապոլեոնի ոսկեզօծ թուրը Ֆրանսիայում աճուրդի ժամանակ վաճառվեց 6.4 մլն. դոլարով: Այն Նապոլեոնը գործածել է ճակատամարտի ընթացքում: 1800-ականների սկզբներին Նապոլեոնը այս թուրն ընծայեց իր եղբորը` իբրև հարսանեկան անակնկալ: Բոնապարտների ընտանիքում թուրը փոխանցվում էր սերնդեսերունդ: 1978-ին թուրը ազգային հարստություն ճանաչվեց Ֆրանսիայում, իսկ աճուրդի հաղթողի անունն այդպես էլ չհրապարակվեց:  

4. Ողորմության թուրը

Ողորմության թուրը հայտնի զենք է, որը մի ժամանակ պատկանել է Էդվարդ Խոստովանողին: Էդվարդ Խոստովանողը Անգլիայի վերջին անգլոսաքսոն արքաներից էր, ով կառավարել է 1042 թ.-ից մինչև 1066 թ.` Անգլիայի նորմանդական նվաճումը: Նրա գահակալության շրջանում Անգլիայում թագավորական իշխանությունը պառակտվել էր: Էդվարդ Խոստովանահոր մահից շատ ժամանակ չանցած` նորմանները սկսեցին առաջանալ դեպի Անգլիա: Նրանց առաջնորդում էր տխրահռչակ Վիլհելմ Նվաճողը: Ողորմության թրի շեղբը կոտրված է և քառակուսաձև: 1236 թ.-ին այս զենքը կոչվեց «կուրտանա», և այդ ժամանակից ի վեր այն գործածվել է թագավորական ծիսակատարությունների ժամանակ: Հին ժամանակներում մեծ առավելություն էր արքայի առաջ կրել այս զենքը: Դա համարվում էր գթառատության ժեստ: Պարզ չէ, թե ինչպես է թուրը կոտրվել, սակայն տարածված է այն առասպելաբանական վարկածը, ըստ որի` մի հրեշտակ է կոտրել թրի շեղբը, որպեսզի այս կերպ կասեցնի անարդարացի սպանությունը: Ողորմության թուրը օգտագործվում է Բիտանիայի միապետի թագադրման արարողության ժամանակ: Սա հազվագյուտ թուր է: Օլիվեր Քրոումվելը պատվիրում էր հալեցնել հնամենի թրերը` դրանց մետաղն ու ոսկին օգտագործելու համար: Բարեբախտաբար, այս թուրը չի հալեցվել և հասել է մինչև մեր ժամանակները: 

 

 

3.  Զուլֆիգար


 Զուլֆիգարը իսլամական առաջնորդ Ալիի հինավուրց թուրն է: Ալին Մուհամմեդ մարգարեի ազգականն էր: Նա իշխել է Իսլամական Խալիֆայությունում 656-661 թթ.-ին: Ըստ որոշ պատմական տվյալների` Մուհամմեդը Զուլֆիգարին շնորհել է այս թուրը Ուհուդի ճակատամարտի ժամանակ: Մուհամմեդը հիացած էր Ալիի` մարտի դաշտում ցուցաբերած տոկունությամբ և ցանկանում էր նրան ընծայել այդ զենքը: Թուրը իսլամի խորհրդանիշն է հանդիսանում և միլիոնավոր մարդկանց հիացմունքի առարկան է: Զուլֆիգարը կեռ շեղբ ունի: Ասում են, որ Ալին այս թուրը գործածել է Խրամատի ճակատամարտում, երբ փորձ էր արվում պաշարել Մեդինա քաղաքը: Ճակատամարտի ժամանակ Մուհամմեդը, Ալին և այլ մահմեդականներ խորխորատներ էին փորում, որպեսզի պաշտպանեին Մեդիանան ավելի հուժկու հեծելազորից: Այս թրի մասին հակասական տվյալներ են ներկայացված տարբեր աղբյուրներում: Դրանցից մի մասում նշվում է, որ այս թուրը երկու զուգահեռ շեղբ ունի, այդ աղբյուրներում ընդգծված են նաև դրա միստիկական հատկություններն ու արագությունը: Այլ աղբյուրներում այն պատկերվում է իբրև ավելի ավանդական ձև ունեցող կեռ թուր: Ըստ որոշ տվյալների` զենքը հասել է մինչև մեր օրերը և պահվում է Իմամ Մուհամմեդ ալ-Մահդիի մոտ: Զենքը ալ-Ջաֆր կոչվող հայտնի հավաքածուի մասն է կազմում: Հավաքածուն փոխանցվում է սերնդեսերունդ: Նոր իմամները ստանում են այն իրենց նախորդներից: Ալ-Ջաֆրին բավականին ուշագրավ հավաքածու է, սակայն այն հասանելի չէ հասարակության համար, քանզի չի ցուցադրվում:

2. Հոնջո Մասամունե


Մասամունեն ճապոնացի դարբին էր, ով զբաղվում էր թրերի արտադրությամբ: Նա հայտնի է իբրև աշխարհի ամենահռչակավոր մետաղագործներից մեկը: Մասամունեն իր գործունեությունը ծավալել է 1288–1328 թթ.: Նրա թողարկած զենքերը դարերի ընթացքում առասպելական են ճանաչվել: Նա ստեղծել է թաչի անվանումով թրեր և թանթ անվանումով դաշույններ: Նրա արտադրած թրերը հայտնի են իրենց գեղեկությամբ և բարձր որակով: Նա հազվադեպ է իր ստորագրությունը թողել իր զենքերի վրա, ուստի դժվար կլինի հայտնաբերել նրա ստեղծած բոլոր զենքերը: Մասամունեի արտադրած թրերից ամենահայտնին կոչվում է Հոնջո Մասամունե: Այս թուրը կարևոր է համարվում, քանզի այն ներկայացնում էր սյոգունատը Ճապոնիայի Էդոյի ժամանակաշրջանում: Թուրը տարիներ շարունակ սերնդեսերունդ մի սյոգունից մյուսին է փոխանցվել: 1939 թ.-ին այս զենքը Ճապոնիայում ազգային գանձ ճանաչվեց, սակայն մնաց Տոկուգավա ընտանիքի մոտ: Հոնջո Մասամունե թրի` մեզ հայտնի վերջին տերը Թոկուգավա Լեմասան է: Նա հավանաբար այս թուրը 14 այլ թրերի հետ միասին 1945 թ.-ի դեկտեմբեր ամսին հանձնել է Ճապոնիայի ոստիկանական բաժանմունք: Դրանից կարճ ժամանակ անց` 1946 թ. հունվարին, ոստիկանության աշխատակիցները փոխանցել են թուրը սերժանտ Քոլդի Բիմորին: Այդ ժամանակից ի վեր Հոնջո Մասամունեն կորած է: Այն ամենակարևոր պատմական գանձերից է, որը անհետացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին:

 1. Ջոյես  


Կառլոս Մեծը ծնվել է մոտ 742 թ.-ին: Նա պատմության ամենահզոր իշխաններից է, ով 768 թ.-ին ֆրանկների արքան է դարձել: 800 թ.-ին նա հռչակվեց հռոմեացիների կայսր և պահպանեց այդ պաշտոնը մինչև կյանքի վերջ: Հռոմեական Սուրբ Կայսրությունում նա հայտնի էր իբրև Կառլոս I և այնտեղի առաջին կայսրն էր: Կառլոս Մեծն իր կյանքի ընթացքում ընդլայնեց ֆրանկների թագավորությունը և այն կայսրության վերածեց: Կայսրությունը սփռված էր Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի մեծ մասի տարածքով մեկ: Կառլոս Մեծը համարվում է ֆրանսիական և գերմանական միապետությունների հիմնադիրը: Նրա անձնական թուրը կոչվում է Ջոյես: Ներկայումս երկու թուր կա, որոնց վերագրվում է Ջոյես անվանումը: Դրանցից մեկը կեռ թուր է, որը պահպանվում է Վիեննայի թանգարանում, իսկ մյուսը` Ֆրանսիայի Լուվրում: Լուվրում ցուցադրության դրված թրի շեղբը պատրաստվել է Կառլոս Մեծի նախնական թրից: Այս թրում օգտագործված են մասեր, որոնք պատկանում են տարբեր դարաշրջանների: Այսպիսով դժվար է պնդել, թե այն հենց Կառլոս Մեծի Ջոյես թուրն է: Թրի բռնակը պատրաստվել է Կառլոս Մեծի տիրապետության ժամանակաշրջանում: Թուրը երկսայր է, և նրա բռնակը մի ժամանակ զարդարված է եղել ադամանդներով: Կառլոսի Մեծի թրի մասին հիշատակումներ կան բազմաթիվ առասպելներում և պատմական փաստաթղթերում: Բուլֆինչի առասպելապատումներում նշվում է, որ Կառլոս Մեծը գործածել է այս թուրը սարացինների (թարգմանաբար` արևելքի ժողովուրդ) հրամանատար Կորսուբլեին գլխատելու համար, ինչպես նաև իր ընկեր դանիացի Օգիերին ասպետ հռչակելու արարողության ժամանակ:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել