Mediahub.am-ը գրում է.

Սանկտ Պետերբուրգի կենտրոնում հարձակվել են հատուկ նշանակության ջոկատի (ОМОН) աշխատակցի վրա, նա հոսպիտալացվել է։ Տեղեկությունը հրապարակվել է Ռուսաստանի քննչական կոմիտեի Telegram-յան ալիքում։

Աղբյուրը մանրամասնում է, որ տղամարդու մոտ հայտնաբերվել է երկու պոմպային որսորդական հրացան, պարկուճ, երկու Մոլոտովի կոկտեյլ և երաժշտական բարձրախոս:

Նախնական տվյալներով՝ առավոտյան 50-ամյա Տիգրան Խաչիկյանը, իր հետ վերցնելով երկու պոմպային որսորդական հրացան, պարկուճ, նախապես պատրաստված երկու Մոլոտովի կոկտեյլ և երաժշտական բարձրախոս, նստել է տաքսի և գնացել մետրոյի «Պրոսպեկտ Վետերանով» կայարան: Այնտեղ նա նստել է մեկ այլ մեքենա և ուղևորվել դեպի Սադովայա փողոց, այնուհետև քայլել դեպի մետրոյի «Գոստինի դվոր» կայարան։

Մուտքից ոչ հեռու տղամարդը հանել է բարձրախոսն ու միացրել երաժշտությունը, ինչն էլ գրավել է ՕՄՕՆ-ի ծառայողների ուշադրությունը։ Հանգամանքները պարզելու համար նրանք մոտեցել են տղամարդուն, ինչից հետո Խաչիկյանը բղավել է՝ «փախե՛ք»։ ՕՄՕՆ-ի աշխատակիցներից մեկը փորձել է բերման ենթարկել հարձակվողին, սակայն վերջինս հանել է որսորդական հրացանը և մի քանի անգամ կրակել տուժողի վրա։

«1972 թվականին ծնված տղամարդու նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՌԴ քրեական օրենսգրքի 317-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով (ոտնձգություն իրավապահ մարմնի աշխատակցի կյանքի նկատմամբ)»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հարձակվողը ձերբակալվել է։

Ռուսական ԶԼՄ-ների տվյալներով՝ հարձակվողը 50-ամյա Տիգրան Խաչիկյանն է Ուզբեկստանից, գրանցված է Սանկտ Պետերբուրգում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել