Մոլդովայի կառավարությունը սկսել է ԱՊՀ-ի շրջանակում ստորագրված համաձայնագրերի չեղարկման գործընթացը, Jurnal TV-ին ասել է արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Նիկոլաե Պոպեսկուն, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մոլդովան հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու մասին, արտաքին քաղաքական բոլոր նպատակները և մասնակցությունը միջազգային կազմակերպություններում ստորադասվելու են եվրաինտեգրման նպատակին։ Ակնհայտորեն, ԱՊՀ-ի համաձայնագրերից դուրս գալը, որոնք անհամատեղելի են մեր նպատակներին, կշարունակվեն»,- ասել է Պոպեսկուն։

Նա նշել է, որ 330 պայմանագրից շատերը, որոնք հանրապետությունը ստորագրել է անկախության տարիների ընթացքում, «չեն գործում կամ չեն կիրառվում ի շահ Մոլդովայի»։

Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Արևմուտքը «հաջորդ Ուկրաինայի» դերի համար այժմ «դիտարկում է» Մոլդովային:

«Հիմա այդ դերի համար դիտարկում են Մոլդովային: Նախ, որովհետև նրանք (Արևմուտքը) կարողացան միանգամայն կոնկրետ մեթոդներով՝ ազատ ժողովրդավարությունից շատ հեռու, երկրում դնել նախագահ, որը պարզապես ցանկանում է, տենչում է անդամակցել ՆԱՏՕ-ին, ունի Ռումինիայի քաղաքացիություն, պատրաստ է միավորվել Ռումինիայի հետ և ընդհանրապես պատրաստ է գրեթե ամեն ինչի»,- ասել էր Լավրովը՝ պատասխանելով այն հարցին, թե Ռուսաստանի շուրջ գտնվող երկրներից որը կարող է գնալ Ուկրաինայի ճանապարհով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել