Vemard.com-ը գրում է.
Այսօր բժշկագիտությանը հայտնի է հերպեսի վարակի ավելի քան 100 տեսակ, որոնցից 8-ը վտանգավոր են մարդկանց համար: Հիվանդության հարուցիչը հերպեսի վիրուսն է: Հիվանդությունը սուր սկիզբ է ունենում, ուղեկցվում է քորով, երբեմն` ցավով: Վիրուսով վարակվելուց 1-2 օր հետո վարակված հատվածը կարմրում է, այտուցվում, որի վրա թափանցիկ պարունակությամբ բշտեր են գոյանում: 3-4 օր հետո դրանք չորանում են, առաջանում են կեղև ու փոքր-ինչ խոնավ վերք: Երբեմն նկատվում է ավշահանգույցների մեծացում: Որոշ հիվանդներ թուլություն են զգում, ցավ մկաններում, ջերմության մինչև 38-39 աստիճանի բարձրացում: Հետո բշտերի վրա գոյացած կեղևները թափվում են: Հիվանդությունը տևում է 1-2 շաբաթ: Սովորական հերպեսը սովորաբար հայտնվում է դեմքին, շուրթերին, ռունգերին, ծնոտին, եռվորյակ նյարդի երկայնքով, որը շատ ցավոտ է: Մեծ մասը շուրթերի վրա առաջացած հերպեսը լուրջ չի ընդունում, համարում է, որ այն ինքնըստինքյան կանցնի: Հաշվի չեն առնում, որ արտաքին դրսևորման անհետացումն ամենևին չի նշանակում, որ վարակը նույնպես վերացել է: Իսկ վարակն օրգանիզմում ապրում է ողջ կյանքում: Այնպես որ, բուժում պահանջում է հերպեսի ցանկացած տեսակ: Հերպեսն ախտահարում է բերանի լորձաթաղանթը, նշիկները: Դա բերան-քիթ-ըմպանային հերպեսն է: Նման հերպեսի ժամանակ բարձրանում է մարմնի ջերմությունը, կոկորդում ցավի զգացում է առաջանում, իսկ ցանը 2 շաբաթ պահպանվում է: Հաջորդ տեսակը սեռական օրգանների հերպեսն է: Այն, բնականաբար, փոխանցվում է սեռական ճանապարհով: Հիվանդությունն ուղեկցվում է բարձր ջերմությամբ, արտահայտված հիվանդագին ախտանշաններով, աճուկային լիմֆադենիտով, սեռական օրգաններից թարախային արտադրությամբ: Տղամարդկանց մոտ հիվանդության ընթացքը խիստ ցավոտ է, հատկապես, երբ միզուկում բշտեր են գոյանում: Այս հիվանդության դեպքում ժամանակին բժշկի չդիմելը կարող է հիվանդության խորացման ու քաղցկեղի վերածման պատճառ դառնալ: Հերպես լինում է նաև նորածինների մոտ: Հաճախ երեխաները վարակվում են ծննդաբերության ժամանակ` հիվանդ մորից: Հերպեսը կարող է ախտահարել նաև աչքը` ծիածանաթաղանթը, լորձաթաղանթը: Այսօր բժիշկները նշում են, որ ծիածանաթաղանթի հիվանդությունների 60%-ը պայմանավորված է հերպեսով: Բուժումը պետք է կատարվի համալիր, դեղամիջոցներով: Գոյություն ունեն նաև ժողովրդական միջոցներ, դեղաբույսերով պատրաստված բուժիչ խառնուրդներ: Օրինակ` հոտավետ մանուշակի հյութով տրորել հերպեսը կամ թուրմ պատրաստել և լվանալ ախտահարված հատվածները: Բուժման ժամանակ հարկավոր է սահմանափակել գետնանուշի, շոկոլադի, չամիչի, ցորենի օգտագործումը: Գոտևորող որքին. սա հերպեսի տարատեսակներից մեկն է, այն ջրծաղկի առաջացման պատճառն է: Սակայն եթե ջրծաղիկն անցնում է, ապա այս նենգ վարակն օրգանիզմում անցնում է քնած վիճակի ու «քնում» այնքան, քանի դեռ մարդն առողջ է: Եվ երբ առողջական խնդիրներ են առաջանում (ծանր հիվանդություն, իմունիտետի անկում, ավիտամինոզ, քրոնիկական սթրեսներ և հոգնածություն), վարակն «արթնանում» է ու մաշկի վրա արտահայտվում գոտևորող որքինի տեսքով: Մարդկանց 25%-ը մանուկ հասակում հիվանդանում է ջրծաղկով: Հիվանդությունը սովորաբար սկսվում է մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ, ընդհանուր թուլությամբ: Առաջանում են գլխացավ, սրտխառնուք ու փսխում: Մարմնի վրա այն տեղերում, ուր հետո պետք է բշտեր գոյանան, առաջանում է ցավ: Երբեմն այն անտանելի է դառնում, սաստկանում է թեթևակի հպումից ու շարժման ժամանակ: Մեծանում են ավշահանգույցները: Երբ ցան է առաջանում, ցավը թուլանում է: Իսկ ցանը հիմնականում լինում է մեծ նյարդաբների ու դրանց ճյուղավորումների մոտ: Սովորաբար հիվանդությունն ուժեղ իմունիտետ ունեցողները հաղթահարում են կես ամսից մինչև մեկ ամիս ժամանակահատվածում: Սա այնքան տհաճ հիվանդություն է, որ անգամ բուժումից հետո էլ, երբ մաշկը վերքերից մաքրվում է, ախտահարված հատվածում մի քանի ամիս հետհերպեսային նևրալգիա է սկսվում: Ժամանակին բուժվելու դեպքում և՛ ցավն է մեղմանում, և՛ տևողությունն ավելի կարճ է լինում: Հիվանդության դեպքում դեղորայքային բուժումից բացի կարելի է նաև ժողովրդական միջոցներ կիրառել, ասենք` ծովի ջրում լողալը: Օգնում է նաև ախտահարված հատվածը դաղձի թուրմով լվանալը: Ինչպես կարելի է ազատվել հերպեսից Սովորաբար հերպեսային բշտերն այնքան անհարմար ժամանակ ու անհարմար տեղում են առաջանում, որ ոչ միայն ֆիզիկական տհաճություն են պատճառում, այլև` գեղագիտական: Մասնագետներն ասում են, որ երկրագնդի վրա բնակչության 95%-ը հերպեսի այս կամ այն տեսակն ունի կամ ունեցել է: Կան միջոցներ, որոնք եթե նույնիսկ չեն էլ բուժի, ապա գոնե կթեթևացնեն սրացումների շրջանը: Ուրեմն. հերպեսը վարակիչ հիվանդություն է ու հերպեսից խուսափելու համար պետք է լավ իմունիտետ ունենալ: Դրա համար պետք է կենսակերպն այնպես կարգավորել, որ նպաստի իմունիտետի ամրապնդմանը: Իսկ այդ կանոնները պարզ ու հասարակ են, սակայն պետք է կատարել միշտ: Սնվել «ճիշտ» սնունդով: Իզուր չեն ասում են. մենք այն ենք, ինչ ուտում ենք: Նախընտրությունը պետք է բնականի կողմը լինի, հարկավոր է հնարավորինս խուսափել ձևափոխված սննդամթերքից: Հրաժարվել կենդանական ճարպերից, շոկոլադից: Այս դեպքում շատ օգտակար են սպիտակուցով հարուստ մթերքները` ձուկ, միս, կաթնաշոռ, պանիր, ձու, սոյա, ծլեցրած ցորեն: Անգամ խմելու ջրի մաքրությանը պետք է հետևել. սա թերևս այն խնդիրն է, որին ամենաքիչն ենք ուշադրություն դարձնում: Վիտամիններ. ցավոք, այսօր սննդի մշակման հետևանքով մթերքի վիտամինները քայքայվում են: Իսկ եթե հերպեսով հաճախ եք հիվանդանում, ապա պետք է վիտամիններ ընդունել` խորհրդակցելով համապատասխան մասնագետի հետ: Կոփում. հանիրավի մոռացված միջոց, որը նույնպես կօգնի հերպեսից խուսափելու: Բոլորովին պարտադիր չէ կոփվելու համար սպասել ձմռան: Պարզապես կարելի է տաք-սառը հերթագայությամբ ցնցուղ ընդունել: Հոգեկան հավասարակշռություն. այն, որ «բոլոր հիվանդությունները նյարդերից են», այդ թվում և` հերպեսը, կարելի է համոզվել` վերլուծելով հերպեսի առաջացմանը նախորդած հանգամանքները: Կարելի է վստահորեն ասել, որ հերպեսի առաջացմանը նախորդում են սթրեսը, բացասական հույզերը, սովորական պայմանների կտրուկ փոփոխությունը: Նյարդային համակարգի առողջությունն ընդհանուր առողջության գրավականն է: Օրգանիզմի մաքրումը. ճիշտ է, նշվեց, որ հերպեսի վարակը, մեկ անգամ ներթափանցելով, «մշտական» բնակություն է հաստատում օրգանիզմում, այնուամենայնիվ, կարելի է դրա գոյության ու բազմացման համար նպաստավոր պայմանները քայքայել: Դրա համար բազմաթիվ միջոցներ կան, սակայն յուրաքանչյուրն իր բժշկի հսկողությամբ ու նշանակմամբ կարող է կիրառել այդ մեթոդներից որևէ մեկը: Եվ, ավելորդ չէ ասել, որ անձնական հիգիենան հերպեսի կանխարգելման միջոց է: Հերպեսի վարակը հեշտությամբ փոխանցվում է հիվանդի ձեռքից, շուրթերից և այլ մարմնամասերից: Հետաքրքիր տեղեկություններ շուրթերի մասին Ամենահաստ ու արտահայտված շուրթերը բնորոշ են նեգրո-ավստրալոիդ ռասային: Բարակ շուրթերն էլ հատուկ են Հյուսիսային Եվրոպայի ու Ասիայի ժողովուրդներին: Տարիքի հետ (25-ից հետո) շուրթերի հաստությունը նվազում է: Սև-սպիտակ հեռուստատեսության դարաշրջանում հաճախ են կիրառվել կարմիր զտիչներ` շուրթերին կարմրություն հաղորդելու համար, որոնք էկրաններից պարզապես անգույն էին թվում: Այդ նպատակով հաղորդավարների ու դերասանուհիների շուրթերն ու այտերը կանաչով էին ներկում: Մարդու շուրթերը մատնածայրերից 100 անգամ ավելի զգայուն են: Իսկական համբույրը կարող է սրտխփոցի հաճախությունը հասցնել րոպեում 100 զարկի: Նապաստակի շրթունքն ամենատարածված ու վիրաբուժական եղանակով շտկելի բնածին արատն է. 2,5 հազար նորածիններից մեկը լույս աշխարհ է գալիս նման արատով: Աֆրիկյան մուրսի ցեղախմբի կանայք ձգում են ստորին շուրթն ու փայտե պնակ տեղավորում շուրթի մեջ: Դա նորաձև է համարվում ու գեղեցկության չափանիշ: Սանկտպետերբուրգցի Քրիստինա Ռեյը 6000 դոլար է ծախսել շրթունքների մեջ սիլիկոն ներարկելու համար, ինչի արդյունքում նա համարվում է աշխարհում ամենամեծ շուրթերի տերը: Շուրթերի վրա առաջացած հերպեսը ոչ թե մրսածության հետևանք է, ինչպես ընդունված է կարծել, այլ իսկական վարակ: Համբույրի, ժպիտի, ծիծաղի ժամանակ շուրթերում մինչև 15 մկան է աշխատում: Շատ կենդանիներ են համբուրվում շուրթերով, օրինակ` կապիկները, շները, ձիերը և նույնիսկ որոշ ձկնատեսակներ: Սոցհարցման արդյունքների համաձայն` աշխարհում ամենագայթակղիչ շուրթերի տերը Անջելինա Ջոլին է: Մոնա Լիզայի խորհրդավոր ժպիտը «ստեղծելու» համար Լեոնարդո դա Վինչին տքնել է 12 տարի: Բերանի ու շուրթերի սահմանագծում գտնվող գեղձերը համբույրի ժամանակ մշակում են նյութեր, որոնք սաստկացնում են ցանկությունը: