Սեպտեմբերի 3-ին Մոսկվայում կայացած Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպումից հետո պարզ դարձավ, որ Հայաստանը մտադիր է անդամակցել Ռուսաստանի գլխավորած Մաքսային միությանը և մասնակցել Եվրասիական միության ձևավորմանը, ինչը կկանխի Եվրամիության հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրումը: Մինչդեռ դրա շուրջ երկար տարիներ բանակցություններ են տեղի ունեցել, և նոյեմբերի վերջին ԵՄ գագաթնաժողովի ընթացքում պետք է համաձայնագրի նախաստորագրումն իրականացվեր:
Հետաքրքրական է նաև այն, որ մեկ տարի առաջ ՀՀ վարչապետը հայտարարել էր, թե անիմաստ է Մաքսային միությանը անդամակցել, որովհետև Հայաստանը սահման չունի միության հետ: Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն էլ կարծիք էր հայտնել, որ Մաքսային միությանը միանալով` Հայաստանը կկորցնի իր ինքնիշխանությունը:
Ինչևէ, լուրն անսպասելի և շոկային էր որքան Հայաստանում, նույնքան էլ Եվրոպայում: Ինչպես նշում են ռուսամետ որոշ գործիչներ, Եվրոպան սգի մեջ է: Մոսկովյան հանդիպումից հետո եվրոպական արձագանքները չուշացան: «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության ներկայացուցիչ Մայքլ Քամբեքը հայտարարեց. «Ինձ թվում է, որ Հայաստանը տապալում է ԵՄ-ի հետ բանակցությունները, ինտեգրվում է Ռուսաստանի հետ, իսկ դա արդեն 180 աստիճանի շրջադարձ է»: Նա նաև նշել է, որ այդ կտրուկ շրջադարձը ազատ ընտրության արդյունք չի եղել:
Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկը, որը նաև Եվրոպայի ամենահզոր քաղաքական ուժի` Եվրոպական ժողովրդական կուսակցության գործադիր մարմնի անդամ է, «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում հայտարարեց, որ Հայաստանը չի կարող միաժամանակ անդամակցել Պուտինի առաջարկած Մաքսային միությանն ու ԵՄ Ասոցացման համաձայնագրին. «Ես շատ եմ ցավում այդ որոշման համար, քննարկել եմ այս հարցը Հայաստանի նախագահի հետ: Մենք գիտենք, որ Հայաստանի վրա ահռելի ճնշումներ են գործադրվել Ռուսաստանի կողմից` Ադրբեջանի և Ղարաբաղի շուրջ դժվար իրադրության հետ կապված, և այդ ճնշումներն օգտագործվել են Հայաստանի նման փոքր պետությանը շանտաժի ենթարկելու համար, որպեսզի նման որոշում կայացվի»,- ասել է Բրոկը:
Իսկ թե ինչպես այսուհետ կշարունակվեն Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան նկատել է. «Մեր հարաբերությունները կլինեն այնպիսին, ինչպիսին որ Եվրամիությունն ունի ցանկացած այլ երկրի հետ, բայց առանց եվրոպական հեռանկարի»:
Եվրամիության նախագահող երկիր Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկևիչուսն էլ հայտարարեց, որ իրենք հարգում են ցանկացած երկրի ընտրությունը, սակայն հիշեցրեց, որ նման երկրները տարբեր մաքսային քաղաքականությունների պատճառով չեն կարող միաժամանակ ընտրել երկու կազմակերպություն: «Դրանք անհամատեղելի են»,- ասել է նա։
Իսկ Բրյուսելում լրագրողների հետ հանդիպմանը ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի մամուլի խոսնակ Մայա Կոսյանչիչը հայտարարեց, որ Եվրամիությունը պաշտոնական Երևանից բացատրություն է պահանջում Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշման հետ կապված: «Մենք հայկական կողմից բացատրության ենք սպասում, որից հետո կարող ենք գնահատել, թե ինչ հետևանքներ դա կունենա»:
Եվրոպական արձագանքները դեռ կշարունակվեն, իսկ մինչ այդ հայաստանյան արևմտամետ հանրությունը` հակառուսական տրամադրություններով քաղաքական գործիչների հետ համատեղ սեպտեմբերի 4-ին անմիջապես կազմակերպեցին բողոքի ակցիա ՀՀ նախագահի նստավայրի առջև:
Սոցիալական ցանցերում նույնպես հարցը բուռն քննարկման դրվեց, և հիմնական տրամադրությունների` հուսախաբության, հիասթափությանն ու անորոշության ֆոնին սկսեցին առկայծել նոր պայքարի կոչեր` ընդդեմ ռուսաստանամետ որոշման:
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում շտապ կարգով ստեղծվեց «Դեմ ենք Ռուսաստանի հետ մաքսային միությանը» անվանումով խումբ, որին կարճ ժամանակահատվածում միացել է երկու հազարից ավելի օգտատեր:
Այս ողջ իրարանցման ֆոնին նյարդայնացնող է ԱԺ փոխնախագահ, Հանրապետական կուսակցության մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովի ավելի քան հանդարտ մեկնաբանությունը. «Հայաստանի Հանրապետությունը որևէ սենսացիոն քայլ չի ձեռնարկել»։
Սակայն առավել նյարդայնացնող են պղտոր ջրում ձուկ որսալու անզոր քայլեր գործադրող քոչարյանամետ-ռուսամետ լրատվամիջոցները, որոնք որպես իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհ ժողովրդին հրամցնում են իրենց տարբերակը` իշխանափոխություն` իհարկե Քոչարյանի վերադարձի միտումով…