Ilur.am-ը գրում է.
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին չի բացառել, որ Վրաստանը ապագայում կարող է միանալ Եվրասիական միությանը: Այսօր մամլո ասուլիսում պատասխանելով այն հարցին, թե «արդյոք Վրաստանի համար հետաքրքիր չի՞ լինի մտնել Եվրասիական միություն», վարչապետն ասել է. «Ես ուշադիր ուսումնասիրում եմ Եվրասիական միության խնդիրը, այս պահին մենք որևէ դիրքորոշում չունենք: Եթե հետագայում տեսնենք, որ Վրաստանի ռազմավարության համար դա հետաքրքիր է՝ ինչու ոչ»:
Երկրի նախկին իշխանությունները, մասնավորապես՝ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, հայտարարել են, որ Վրաստանի համար եվրաինտեգրման այլընտրանք գոյություն չունի: «Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրի մասնակից-երկրների համար Եվրոպան այլընտրանք չունի, Վրաստանի եվրաինտեգրմանը նույնպես այլընտրանք չկա՝ դա ապագա է,իսկ Եվրասիական միությունը՝ անցյալ, և հենց դրա համար էլ այն իրեն չի արդարացնում»,- ավելի վաղ հայտարարել էր Սաակաշվիլին, փոխանցում է ИТАР-ТАСС –ը: