Hartak.am-ը գրում է.
Ոչ մի երկիր Ֆրանսիային այդքան վնաս չի տվել, ինչքան իմ վասալները:
Լյուդովիկոս
Մի պահ եկեք մոռանանք արտաքին քաղաքականության մասին և կենտրոնացնենք մեր ուշադրությունը երկրի ներքին քաղաքականության վրա: Ժամանակն է եկել, որպեսզի հասկանանք, որ երկիրը նույն տան կամ ընտանիքի մոդելն է, իսկ եթե տանը անհամաձայնությունն է տիրում, խառնաշփոթ իրավիճակ է, «ֆինանսները ռոմանսներն են երգում», տան զավակները լքում են տունը, ապա այդ ընտանիքը դրսում մեծ հաջողություններ չի կարող ունենալ:
Հարգելի ընթերցողներ, մարտահրավերներով ողողված է մեր երկիրը: Չես հասցնում հաղթահարել մեկը, ծլում է մյուսը, և զարմանալի չէ, քանզի այսպիսին է փոքր և անռեսուրս երկրների ճակատագիրը: Վերջի վերջո եկեք հասկանանք, թե ի՞նչ է պետք անել, որպեսզի մեր երկիրը սկսի ապաքինվել ներսից:
Եվ այսպես, ըստ իս`
• իշխանությունները պետք է անհապաղ սկսեն մաքրել իրենց շարքերը կոռուպացվածներից
• դատաիրավական համակարգը պետք է անհապաղ սկսի լայնածավալ ձերբակալությունների գործընթացը, բանտում պետք է հայտնվեն նրանք, ովքեր մինչ օրս անձեռնմխելի էին համարվում, դրանով իսկ երկրում կվերականգնվի բարոյահոգեբանական մթնոլորտը
• անկախ ամեն ինչից (գումար կա չկա..) պետք է սկսել զարգացնել գիտությունը` համարելով այն գերակա խնդիր
• «մենաշնորհ» հասկացողությունը ընդհանրապս պետք է մեր լեքսիկոնից դուրս գա և հնչեցվի միայն այն դեպքում, երբ խոսքը գնում է միայն պետական մենաշնորհի մասին
• պետք է թարմացվի ամբողջ վերահսկողական համակարգը, քանի որ երկրում առկա մի քանի հազար վերստուգողների պարագայում այնումենայնիվ շարունակվում են ատկատները, չարաշահումները, թերացումները
• պետք է ստեղծել ժողովրդական վերահսկողության ինստիտուտը (народный контроль)
Ես հասկանում եմ, որ հիմա այս տողերը կարդացողներից շատերը կարող են ասել` «դրա մասին բազմիցս ասվել է, նոր հեծանիվ չես հնարում»` մոռանալով, որ, այո, ասվել է և շարունակվում է ասվել, բայց իրականում ոչինչ չի արվում այդ ուղղությամբ:
Հ.Գ. Հավատացեք, եթե մեզ հաջողվի հետևողականորեն պայքարել ներքին արատների դեմ, ապա մնացածը տեխնիկայի հարց է: Մենք վտանգված ենք ներսից, ոչ թե դրսից: