21- ամյա Ռուբեն Գալստյանն ապրում է Երևանում, ուր ընտանիքը շատերի նման գաղթել է 90-ական թթ․ Արցախի Շահումյանի շրջանի Գետաշեն գյուղից։ 2018 թվականից Ռուբենը պայմանագրային ծառայության է անցել։ Հայրենիքին պարտքը մատուցել է նախ Հադրութում, ապա՝ Քարվաճառում, որտեղ էլ վիրավորում է ստացել։ Ճակատագրի այս դառը հարվածից հետո, ցավոք, անհնար է լինում բուժել վերքը ու հարկադրված անդամահատում են նրա աջ ոտքը։ Այդ մղձավանջից մոտ 7 ամիս անց միայն, Ռուբենը կարողանում է գտնել ինքնադրսևորման ու իր առողջական խնդիրները հաղթահարելու լավագուն միջոցներից մեկը։ Նա միանում է Veterans of Armenia հիմնադրամի նախաձեռնած պրոֆեսիոնալ լողի պարալիմպիկ թիմին։
Հայաստանի Վետերանների աջակցության “Veterans of Armenia” հիմնադրամի կողմից զինհաշմանդամների համար իրականացվող լողի ծրագրի մասին տեղեկանալով՝ Ռուբեն Գալստյանը մասնակցելու ցանկություն է հայտնել, քանի որ նախկինում էլ այս մարզաձևով զբաղվելու մեծ ձգտում է ունեցել։ Պրոֆեսիոնալ լողի այս ծրագրի նպատակն է ստեղծել ջրային սպորտաձևերի միջազգային կարգի պարալիմպիկ թիմ, որի հետ կապված բոլոր ծախսերը՝ ներառյալ լողի ու ջրային պոլո մարզաձևի համար հատուկ պրոթեզները, մարզիչների ներգրավումը, հանդերձանքը և անգամ տղաների ճանապարհածախսերը հոգում է Հայաստանի Վետերանների աջակցության հիմնադրամը։ Լողի նախագիծը միտված է բարելավել ոչ միայն նրանց ֆիզիկական, այլև՝ հոգեբանական խնդիրները, ինչը պակաս կարևոր չէ։ Նախագծի հիմնադիրներն ու մարզիչները լիահույս են, որ զինհաշմանդամներից կազմված պարալիմպիկ այս թիմը մի օր մեծ հաջողություններ կգրանցի միջազգային ասպարեզում։
«Ուզում էի լողով զբաղվել անկախ այս ծրագրից, բայց որ սա եղավ շատ ավելի լավ։ Բոլոր տղաները ոգևորված գալիս են, շատ վիրավոր տղաներ էլի ուզում են գալ։ Զրոյից ենք սկսել, հիմա արդեն շատ լավ ենք լողում», - ասում է Ռուբեն Գալստյանը,- Եթե մի բանին կպնում ես պետք է մինչև վերջ գնաս, անպայման մրցումներին մասնակցելու ենք մեր թիմով, չգիտենք որ տեղը կգրավենք, բայց հաստատ մասնակցելու ենք: Եթե այս կյանքն ապրում ես, ուրեմն նպատակ ունես»։
Հայաստանի Վետերանների աջակցության հիմնադրամի կողմից իրականացվող լողի ծրագիրն, իսկապես մեծ հետաքրքրություն է առաջացրել զինհաշմանդամների շրջանում։
30-ամյա Վլադիմիր Վարդանյանը հազարավոր նվիրյալների նման կամավորագրվել է 44-օրյա պատերազմի հենց առաջին օրերին և հոկտեմբերի 2-ին բեկորային վիրավորում է ստացել Մատաղիսում։
«Մինչև պատերազմը սիրողական ֆուտբոլով էի զբաղվում։ Կոնկրետ մասնագիտություն չունեմ, մինչև պատերազմը բարմեն էի աշխատում։ Լողի մասին իմացա ու ոգևորությամբ եկա, որովհետև լողը մկանները զարգացնում է, ամպուտացված մասը, որ չես օգտագործում մկանները քարանում են», -պատմում է Վլադիմիրն ու հավելում՝ լողն իր կյանքը փոխեց. «Ջուրը անվերջություն է, կյանք է, մինչև պատերազմը սիրողական լողում էի, սիրում եմ այս մարզաձևը, հիմա ավելի սրտանց եմ գալիս պարապմունքներին, ինձ ավելի շատ է դուր գալիս լողը», -ասում է Վլադիմիր Վարդանյանը։
Հիմնադրվելով Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում՝ Veterans of Armenia հիմնադրամն իրականացնում է աջակցության տասնյակ ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս բարելավել սոցիալապես անապահով, առողջական ու հոգեբանական ծանր խնդիրներ ունեցող վետերանների ու նրանց ընտանիքների կյանքը, լուծել խնդիրներն ու օգնել նրանց՝ բնականոն կենսագործունեության անցնելու համար։ Ծրագրերի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։View this post on Instagram