168.am-ը գրում է.
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած ՀՀ կառավարական պատվիրակությունը ԼՂՀ-ի վարչապետ Արա Հարությունյանի և ԼՂՀ-ի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի մի քանի արտադրական ձեռնարկություններ: Վարչապետը նախ եղել է Կարմիր շուկայի ձեթի արտադրության գործարանում` ծանոթացել տեղական հումքով ձեթի արտադրության ընթացքին ու առաջիկա ծրագրերին: Տեղեկացվել է, որ գործարանում ներդրվել են նորագույն տեխնոլոգիաներ, իսկ հումքը` արևածաղիկը, ստացվում է գործարանին պատկանող 220 հեկտար ցանքատարածքներից: Վարչապետն այցելել է նաև արևածաղկի դաշտեր` ներկա գտնվել արևածաղկի հավաքման աշխատանքներին: Տեղեկացվել է, որ գործարանն առաջիկայում պատրաստվում է ավելացնել բարձրորակ ձեթի արտադրական ծավալներն` արտահանում իրականացնելու նպատակով: Վարչապետ Սարգսյանը ողջունել է գործարանի ստեղծման նախաձեռնությունը և ՀՀ կառավարության աջակցությունը հայտնել վերջինիս զարգացման աշխատանքներին: Այնուհետև ՀՀ կառավարության ղեկավարն այցելել է Տող գյուղի գինու գործարան: Տեղեկացվել է, որ գործարանը գինու արտադրությունն իրականացնում է իրեն պատկանող խաղողի այգիներից ստացվող հումքով: Տարեկան արտադրական ծավալը կազմում է 20 հազար շիշ: Գործարանն առայժմ արտադրում է երկու անուն գինի, սակայն առաջիկայում ծրագրում է ավելացնել դրանց տեսականին: Գործարանի արտադրանքի մի մասն արտահանվում է նաև Հայաստան: Այնուհետև ՀՀ կառավարության ղեկավարը և ԼՂՀ վարչապետը հանդիպել են Արցախի գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչներին, քննարկել առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությունները: Վարչապետ Սարգսյանը եղել է նաև Ստեփանակերտի նախկին մետաքսի գործարանի տարածքում հիմնված գորգարծությամբ զբաղվող ընկերությունում: Այն ունի մոտ 50 աշխատող` միջինը 75 հազար դրամ աշխատավարձով: Արտադրության հումքը ստեղծվում է ընկերությանը կից բացված թելի մանարանում:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ