Ազգային հերոս Էռնեկյանը տեղյա՞կ է, որ իր իրավախորհրդատուն ոչնչացնում է Երևանի կանաչ գոտիները

«Դալմայի այգիների» ոչնչացումը անկախ Հայաստանի քաղաքական պատմության բաց վերքերից մեկն է: Ինչու՞ քաղաքական պատմության, որովհետև տարիներ շարունակ Երևանի թոքերը` կանաչապատ տարածքները, բոլորի աչքի առջև ոչնչացվել են, բոլորն էլ հասկացել են ինչն ինչոց է, ինչ հետևանքներով է դա հղի, բայց ոչ միայն քայլեր չի ձեռնարկվել համայն հայության մայրաքաղաք հռչակված Երևանի կանաչ գոտիներից մեկը փրկելու համար, այլև ՀՀ որևէ կառավարություն կամ համայնքային իշխանություն հոդաբաշխ բացատրություն չի տվել, թե ինչու է անհրաժեշտ առանց այդ էլ տափաստանացող Երևանի թոքերը քյալփաթինով կտրտել ու մայրաքաղաքը վերածել անշուք և անհոգի քարե ջունգլիների: Իսկ սա արդեն քաղաքականություն է, շատ հստակ և հետևողական քաղաքականություն:
Այո, արագ և մեծ փող աշխատելու մոլուցքը հատուկ է կապիտալիստական նոր համակարգերին: Բայց արդյո՞ք արցախյան հիմնահարց ունեցող երկիրը կարող էր և իրավունք ուներ իրեն թույլ տալ այդքան թշնամաբար վերաբերվել իր իսկ սրտի` մայրաքաղաք Երևանի բնությանը, պատմությանն ու քաղաքացիների մաքուր օդ շնչելու իրավունքին: Փորձենք այս ամենը դիտարկել արտասահմանցու աչքերով. հայերը հավակնում են Արցախին, հազարավոր զոհեր են տվել և տալիս հանուն Արցախի, բայց իրենց մայրաքաղաքի հետ վարվում են այնպես, ինչպես ժամանակին վարվում էին Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի հետ եվրոպացի գաղութարարները կամ Միջին Ասիայից Առաջավոր Ասիա ներխուժած օղուզական ցեղախմբերը:
Իրավիճակը շատ ավելի ողբերգական է դառնում, երբ կանաչ գոտիները վերացնելու գնով արագ ու մեծ փող աշխատելու արշավին մասնակցում են նաև ՀՀ Ազգային հերոսի հետ առնչություն ունեցող մարդիկ: Ի՞նչ «մեսիջ» է ստանում այսօրվա դպրոցականը, երբ իմանում է, որ ՀՀ Ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանի իրավախորհրդատուն, «Կոնվերսբանկի» խորհրդի նախագահ Արմեն Տեր-Տաճատյանը, «լեզու գտնելով» Հայաստանի «հեղափոխական» իշխանությունների հետ, «Դալմայի այգիներում» իրեն պատկանող 2.5 հեկտար տարածքի անտառները հատում է և այդ վայրում շենք կառուցում: Տարածքի նկատմամբ սեփականությունն էլ ձեռք է բերել ոչ թե շուկայից, այլ 2019թ.-ին ուղիղ ՀՀ կառավարությունից: Անտառը հատելու և այդ վայրում շենք կառուցելու, այնուհետև այդ շենքը որպես բիզնես տարածք վարձով տալու և փող աշխատելու շնագայլային ծրագրին Արմեն Տեր-Տաճատյանն ու կառավարությունը ճռճռան անվանում են հորջորել` «տեխնոլոգիական հագեցվածության շենքային համալիրի կառուցման ներդրումային ծրագիր»:
Ինչու՞ ենք ՀՀ Ազգային հերոսի և Արմեն Տեր-Տաճատյանի օրինակը բերում, որովհետև համարում ենք, որ Ազգային հերոսն այն էտալոնն է, որին պետք է ձգտի նմանվել ՀՀ քաղաքացին: Ազգային հերոս կոչումը շնորհելու այլ իմաստ, կարծես, չկա: Ուստի հարց է առաջանում. Ազգային հերոս Էռնեկյանը, որ Հայաստանի անկախության տարիներին անուրանալի և բացառիկ ծառայություններ է մատուցել երկրին (բավական է նշել միայն «Զվարթնոց» օդանավակայանի արդիականացումը), արդյո՞ք տեղյակ է, թե ինչով է զբաղված իր իրավախորհրդատու Տեր-Տաճատյանը, ինչ փողային «արիշ-վերիշների» մեջ է «հեղափոխական» իշխանությունների հետ, հանուն գերշահույթի ինչպիսի թշնամությամբ է ոչնչացնում Երևանի կանաչ գոտիները:
Հ.Գ. Քանի որ 2018-ի իշխանափոխությունից հետո Հայաստանի բնապահպանները հայտնվել են կառավարության և Երևանի քաղաքապետարանի տարատեսակ տաքուկ աշխատասենյակներում, իրենց իսկ ձեռքով դակել են Երևանի թոքերը ոչնչացնելու կառավարության և քաղաքապետարանի որոշումները, ապա ստիպված ենք հենց մենք հնչեցնել այս հարցերը` հույս ունենալով, որ Ազգային Հերոս Էռնեկյանը հրապարակային կհայտնի իր դիրքորոշումը` տեղյա՞կ է և ինչպե՞ս է վերաբերվում փաստին, որ ներդրումային ծրագրի անվան տակ իր իրավախորհրդատու Արմեն Տեր-Տաճատյանը ոչնչացնում է Երևանի կանաչ գոտիները:

Դերենիկ Մխիթարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել