1in.am-ը գրում է.
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր են համագործակցել ավելի բարձր մակարդակով: Ռուսաստանի նախագահը հիշեցրել է, որ սա Սարգսյանի երկրորդ այցն է Մոսկվա՝ հաղորդում է RIA Novosti-ն:
«Ես շատ ուրախ եմ, որ մեր հարաբերություններն այդքան ինտենսիվ զարգանում են, շփումները հաճախակի են բոլոր ուղղություններով»,- ասել է Վլադիմիր Պուտինը:
Նա նաև նշել է, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը գերազանցում է 23%-ը:
«Ռուսաստանը Հայաստանի առաջին առևտրատնտեսական գործընկերն է: Այդ միտումները պահպանվում են»,- հավելել է Պուտինը:
Սերժ Սարգսյանն իր հերթին նշել է, որ երկու երկրների հարաբերությունները հիմնված են բարեկամության և եղբայրության դարավոր ավանդույթների վրա, և համոզմունք է հայտնել, որ հարաբերությունները կզարգանան նաև առաջիկայում:
Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը թանկ է գնահատում այդ հարաբերությունները և կանի ամեն ինչ՝ դրանք զարգացնելու համար:
«Մեզ համար դա առաջնային խնդիր է... Միևնույն ժամանակ կան հարցեր, որոնք պետք է լուծել, որպեսզի մեր հարաբերությունները ավելի բարձր մակարդակի հասնեն: Սրանով եկել եմ Մոսկվա»,- հավելել է Սերժ Սարգսյանը: