Azatutyun.am-ը գրում է.
Եվրամիությունը (ԵՄ) այսօր Հարավային Կովկասում իր ներգրավվածության նոր փուլ է սկսում՝ նոր, անցումային թիմով, որը հիմքեր կստեղծի Հայաստանում հնարավոր առավել երկար ժամկետով ԵՄ առաքելության տեղակայման համար, այսօր հայտարարել է միության արտաքին հարաբերությունների գծով գլխավոր հանձնակատար Ժոզեպ Բորելը: Նա ընդգծել է՝ այդ առաքելության նպատակն է ի վերջո նպաստել կողմերի միջև վստահության ամրապնդմանը։
Հայտնում է Ազատությունը։
Եվրամիության 40 հոգանոց անզեն առաքելությունը տեղակայվել էր Հայաստանում՝ Ադրբեջանի հետ սահմանին՝ հոկտեմբերին սկզբին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո։ Ի սկզբանե հայտարարվել էր, որ այն աշխատելու է երեք ամիս, ժամկետն ավարտվել է այսօր։ Դրա նպատակն էր դիտարկել, վերլուծել և Բրյուսելին տեղեկացնել տեղում տիրող իրավիճակի մասին։
Անցած եռամսյա ժամկետում առաքելության որևէ զեկույց չի հրապարակվել։ Հայկական կողմը, սակայն, բարձր է գնահատել դրա արդյունավետությունը։ Այդ մասին հայտարարել է նաև ԵՄ արտգործնախարարը։
«Եվրոպացի փորձագետների տեղակայումը արդյունավետ էր և նպաստեց վստահության ամրապնդմանն անկայուն իրավիճակում»,-հայտարարել է Բորելը, հավելելով՝ հենց այդ հիմքով Եվրամիության խորհուրդը՝ Հայաստանի իշխանությունների համաձայնությամբ, որոշել է Վրաստանում գործող ԵՄ դիտորդական առաքելությունից անցումային, պլանավորման աջակցության թիմ տեղակայել Հայաստանում՝ մեծացնելու անվտանգության վերաբերյալ տեղեկացվածությունը և նպաստելու նոր քաղաքացիական առաքելության ծրագրմանն ու նախապատրաստմանը։
Բորելը նշել է՝ ակնկալվում է, որ անցումային այս թիմը կաջակցի նաև ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորումը խթանելու գործընթացում։