168.am-ը գրում է․

«Ես հասկանում եմ, որ հայկական կողմը՝ Հայաստանը (ոչ միայն իշխանությունները, որոնց մասին կարելի է առանձին խոսել), իր դաշնակից Ռուսաստանի Դաշնության խոսքային և իրական աջակցության կարիքն ունի»,- այս մասին 168TV-ի տաղավարում ասաց ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

«Ես դրա օգտին եմ հանդես գալիս իմ ողջ քաղաքական, հասարակական կարիերայի ընթացքում: Ես միշտ կարծել եմ, որ Ռուսաստանն ու Հայաստանը դաշնակիցներ լինելու մոտիվացիա ունեն։ Դա միայն այսօրվա մոտիվացիա չէ, այլ դրա արմատները գնում են պատմության խորք»,- ասաց Զատուլինը՝ հավելելով, որ հենց այդ դիտանկյունից էլ պատկերացնում են Ռուսաստանում իրենց պարտավորությունը հայ ժողովրդի հանդեպ:

Ըստ նրա, դրա հետ մեկտեղ, կա նաև Հայաստանի, Հայաստանի իշխանության պատասխանատվությունը դաշնակցային հարաբերությունների համար, և այստեղ նույնպես խոսելու բան կա։

Ռուս պատգամավորի որակմամբ, Ռուսաստանը ոչ թե դանդաղկոտություն է ցուցաբերում, այլ Ռուսաստանը որոշակի զգուշավորություն է ցուցաբերում հայ-ադրբեջանական հարցերում, հասկանալի պատճառներով ակնկալում է խաղաղ ճանապարհով հասնել արդյունքի։

«Այդ պատճառների թվում է ոչ միայն Ադրբեջանի և նրա թիկունքում կանգնած Թուրքիայի հետ ինչ-որ հարաբերություններ պահպանելու ցանկությունը, այլ նաև այն փաստը, որ Ռուսաստանը Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով առճակատման մեջ է Արևմուտքի հետ, նա ռազմական գործողություններ է իրականացնում։ Այս տեսանկյունից կարելի է հասկանալ Ռուսաստանի դրությունը։ Թեև ես ամենևին էլ չեմ փորձում այսկերպ մեր վրայից հանել մեր պարտականությունները կամ պարտավորությունները։ Մենք փորձում ենք ամեն դեպքում, բոլոր նրանք, ովքեր մասնակցում են դրան՝ մեր դիվանագիտական ներկայացուցիչները, պատգամավորները, ակտիվիստները»,- նման կարծիք հայտնեց Կոնստանտին Զատուլինը:

Ինչ վերաբերում է այն գնահատականներին, որ պետք է ավելի արագ, ավելի վճռական և ավելի հստակ արձագանքել, այդ թվում՝ ոչ պարտադիր կերպով ուժային, այլ պաշտոնական հանրային մակարդակով կատարվածը արձանագրելու տեսանկյունից, ապա Զատուլինն ասաց՝ համաձայն է դրա հետ։

«Այդ մասին ես խոսել եմ նաև սեպտեմբերին, երբ մարտեր էին ընթանում հայ-ադրբեջանական սահմանին»,- նշեց պատգամավորը։

Նա նաև նշեց, որ բոլոր այն խոսակցություններին, թե՝ Ադրբեջանի թևի տակ, Ադրբեջանի սահմանադրության ներքո ԼՂ-ի հայերը իրենց լավ են զգալու, Կովկասի սահմաններից դուրս որևէ մեկը դժվար թե լրջորեն հավատա՝ հաշվի առնելով այս հակամարտության պատմությունն ու սրությունը:

Զատուլինն ասաց, որ ինքը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության, խաղաղության համաձայնագրի կողմնակիցն է, սակայն այդ համաձայնագրում անպայմանորեն պետք է նախատեսվի, որ ԼՂ-ի ինքնորոշումը պետք է լուծվի առանձին:

«Եթե ոչ հիմա, ապա ապագայում: Իսկ մինչ այդ պետք է պահպանվի ստատուս քվոն, որը պետք է ապահովեն մեր խաղաղապահները»,- նկատեց ՌԴ պետդումայի պատգամավոր Զատուլինը:

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել