Lilit-Karapetyan
    Զրույց արձակագիր Լիլիթ Կարապետյանի հետ

    - Արվեստը սեռ ունի՞:
    - Կինն ու տղամարդը ստեղծվել են տարբեր և հավասար, որ լրացնեն միմյանց և քայլեն զուգահեռ: Սեռը որոշում է արվեստի ձևը, գույնը, բայց ոչ որակը, որովհետև այս հարցադրումը կանանց դեպքում բացասական երանգով է դրսևորվում, այսինքն` չի կարող լավ գրող կամ մեծ արվեստագետ դառնալ: Եթե մյուս կողմից դիտարկենք, կնոջ բացակայությունը գրականությունում առկա է: Կին գրողը և գրական հերոսը բացահայտման կարիք ունեն: Մինչ այժմ կինը տղամարդկանց կողմից հաճախ ուսումնասիրվել է միակողմանի` արական հայացքով, զուտ սեռական տեսանկյունից: Տվյալ դեպքում կինը գրելու, ապացուցելու և կենսաձև առաջարկելու խնդիր ունի: Հարկավոր է գրող դառնալու և մնալու ամբիցիա ունենալ, բայց կինը տեսակով ամբիցիոզ չէ, այստեղից հենց ծագում է հակասությունը` ուրեմն ինչպե՞ս պետք է դառնա արձակի, տեքստի նվաճող: Ամբիցիայի բացակայությանը փոխարինում է մղումը ու մեծ երազող լինելու փաստը:
    Գրողը հետաքրքիր է ոչ միայն իր մտածողությամբ, այլև սեռով: Իգականությունից դեպի արականություն տանող ճանապարհը ազատականացման չի հանգեցնում: Ես, օրինակ, գրելով չեմ ազատագրվում, տպագրված տեքստը արդեն ազատ է: Վերջիվերջո ազատությունը ինքնագիտակցություն է, ինքնությունն ու սեռը առանց փոփոխման ընդունելու կարողություն:
  
       - Քո պատմվածքների կին հերոսների խեղճությունն ու ուժը կբացահայտե՞ս:
    - Այդ հերոսները տեսակով մեղմ ու զուսպ են, բայց ընտրություն կատարող կինը չի կարող ավարտվել խեղճ լինելով: Կին հերոսի իմ իդեալը նախաձեռնող կինն է: Նա, ով պատասխանատվություն է կրում իր արարքների համար, և, հետևաբար, դատապարտված է իր ընտրության համար: Կինը անչափ խոցելի է և նույնքան կամային:

    - Կերպարներդ հիմնականում անանուն են կամ ներկայացված են անվան առաջին տառով: Ինչո՞վ է դա պայմանավորված` ժանրային առանձնահատկությո՞ւն է, թե՞ կորցնում են իրենց ես-ը:
    - Պարզապես ես իրականությունը, որպես այդպիսին, երբեք ուղղակիորեն չեմ արտացոլել, գործող անձանց դեպքում ևս: Միևնույն ժամանակ իմ հերոսները շատ մոտ գտնվող մարդիկ են, որոնց ես թաքցնելու միտում եմ ունեցել, որպեսզի ճշմարտությունը չբացահայտեմ: Նաև դա է պատճառը, որ ուղիղ և ամենակարճ ճանապարհներից միշտ խուսափում եմ:

    - Որտե՞ղ է վերջանում փողոցով քայլող Լիլիթը, և որտե՞ղ է սկսվում փողոց հորինող Լիլիթը:
    - Փողոցն ինձ համար գոյություն չունի: Կարող եմ ասել, որ ես երբեք փողոցով չեմ քայլում, որովհետև միշտ բացակա եմ փողոցում:

    - Փողոցը այլաբանորեն օգտագործեցի: Ապրելու ու հորինման պահերի միջև կա՞ տարբերություն:
    - Ես ավելի շատ ապրում եմ հորինման պահը, քան իրականությունը: Ավելի երկար ապրում եմ այն պահերը, որոնք հորինում եմ, քան այն պահերը, որ տեղի են ունենում իրականում: Ավելի երկար հիշում եմ այն զգացողությունները, որ ես հորինել եմ, քան այն զգացումները, որ իրականում ապրել եմ:

    - Ի՞նչը ոչ մի դեպքում չես ների քեզ ու դիմացինին ընդհանրապես և ստեղծագործության մեջ մասնավորապես:
    - Ես գիտեի, որ այս հարցը տալու ես: :) Ասեմ ուղղակի, որ ես աստված չեմ, որ ներեմ: Ինձ դուր է գալիս այն ամենը, ինչ մարդեղեն է, մարդկային բոլոր թերությունները, չներելու հակումը: Իսկ մարդը, ինձ թվում է, փոքր զգացումների կրող է, հերոսականությունից զուրկ: Ամեն դեպքում կյանքը թելադրում է, ավելի ճկուն գտնվել, քան չներելն է:

    - Իսկ ստեղծագործությա՞ն մեջ:
    - Գրագողությունը հավանաբար:

    - Կա՞ բան, որ ոչ մի դեպքում չես անի:
    - Ուզում եմ մտածել… Մի բան չեմ անի հաստատ` թույլ չեմ տա, որ կերտած հերոսիս խղճան:

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել