1in.am-ը գրում է.
Քաղաքական աշունն ակտիվ է լինելու՝ կապված վերսկսվելիք ԱԺ աշխատանքների հետ, որոնց մեկնարկով ակտիվանալու են նաև քաղաքական բոլոր ուժերը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը՝ խոսելով առաջիկա հնարավոր զարգացումների շուրջ: Նա մասնավորապես անդրադարձավ մամուլում շրջանառվող ՀՀ կառավարման համակարգի փոփոխությունների թեմային, որոնց մասին խոսակցություններն ակտիվացնելու են քաղաքական կյանքը: Նրա կարծիքով՝ փոփոխությունների անհրաժեշտություն կա, սակայն փոփոխությունները երկարատև գործընթաց են։
«Մեզանից յուրաքանչյուրը կարծիք կարող է ունենալ, սակայն քննարկումներ պետք է տեղի ունենան, որոնց արդյունքում հանրաքվեի դրվող փաստաթուղթ կներկայացվի։ Վաղ է խոսել հստակ փոփոխության մասին, թեև ես իմ մոտեցումն ունեմ՝ կառավարման խորհրդարանական մոդելը վտանգավոր է: Քննարկումների ընթացքում ես այն կհայտնեմ»,- տեսակետ հայտնեց Գալուստ Սահակյանը:
Հարցին, թե ինչով է վտանգավոր այս մոդելը, նա պատասխանեց, որ Հայաստանը ճանապարհներ չունեցող պատերազմական երկիր է, և որոշումների երաշխավորը մեկը պետք է լինի, իսկ հրատապ հարցերի դեպքում խորհրդարանական մոդելը ենթադրում է քննարկումներ՝ խորհրդարանական բոլոր ուժերի մասնակցությամբ, որտեղ քննարկումների ժամանակ յուրաքանչյուրն իր տեսակետը կհայտնի՝ դրանով իսկ բարդացնելով որոշման կայացումը: Գալուստ Սահակյանը նաև ընդգծեց, որ կառավարման մոդելը երկրում բարեփոխումների և զարգացումների հետ չի առնչվում։ «ԱՄՆ-ում մեզնից վա՞տ են ապրում»,- նշեց նա: