Այսօր ՀՀ և ԼՂՀ միասնական պատկերով քարտեզի օրն է: Քարտեզը յուրաքանչյուր երկրի, պետության հայելին է օտար հանրության առջև, քարտեզին նայելով ու հասկանալով տվյալ երկրի աշխարհաքաղաքական դիրքը` շատ բան կարող ես հասկանալ տվյալ տարածքում ապրող բնակչության, կենսաապրելակերպի, ինչո՞ւ չէ նաև բնավորության ներհատուկ գծերի մասին: Ի վերջո հենց բնությունն է շնորհում ազգային կերպարն ու մտածելակերպը: Լեռնային ազգ ենք, ամուր մեր լեռների նման, անսասան ու հպարտ: Այնքան անսասան, որ կարողացանք անհավասար մարտում հաղթել: Բայց քարտեզի միայն աշխարհագրական դեր չէ, որ ունի: Քարտեզը նաև մեզ ուղեցույց եղավ պատերազմում: Մահապարտների Արծիվ գումարտակի քարտեզները դարձան այսօր պատմական ու ռազմական հիշողություն: 1992թ. ամառ, Արցախը լարել էր վերջին ճիգերը: Արցախից ամեն օր հուսահատական լուրեր էին հասնում Հայաստան: Շահումյանը հայաթափ էր եղել: Ընկել էր Մարտակերտը, Մարտունին, Ասկերանը: Մարտնչող Լեռնաշխարհին անհապաղ օգնություն էր պետք: Օգոստոսի 15-ին` երեկոյան, հանրապետական հեռուստատեսությունը սփռեց պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի ելույթը, ով զորահրամանատարին հատուկ իր մարտական հանդգնությամբ ու վճռական կեցվածքով մարտակոչ նետեց իր ժողովրդին: Ստեղծել Մահապարտների հինգհարյուր հոգանոց գումարտակ, ովքեր, արհամարհելով մահվան վտանգը, պետք է փոխեին պատերազմի վտանգը` գիտակցելով, որ այլևս հետդարձի ճանապարհ միգուցե չկա: Մահապարտների քարտեզները կենդանի ու մնայուն վկայերն են պայքարի ու ուժի: Առաջին հայացքից սովորական թղթի վրա գույներով նկարված գծեր, որոնք պետք է գործողություններ ու հանձնարարականներ դառնային, իսկ ամիսներ անց՝ արդյունք: Իսկ այսօր տարիներ անց՝ միասնական մի քարտեզ, որ աշխարհն էլ իմանա մեր ժողովրդի հաղթանակի ու միասնության մասին: