... Առավոտյան ինքը Մեհրեաղբյուրի ջուրը կապեց շաղգամի արտին և ապա գնաց այբուբենը սերտելու: Իսկ, ահա, ջուրը կտրվել էր... Օսմանի լակոտ, Օսման, աղբյուրի ջուրը էլի նա է կտրել, այդ ճպռոտ լակոտը: Որտեղի՞ց հայտնվեցին ու հարամեցին գյուղը: Գյուղը, փողոցը, հողը, ջուրը, աղբյուրը: Էն խեղճ պառավի (անունն ինչպե՞ս էր) պառավի հիմար որդին ղարիպության գնաց, գնաց հիմարը ու էլ չերևաց, և պառավը մեռավ, ու պառավի հիմար որդու փոխարեն, որտեղից որտեղ, այդ համառ Օսմանը հայտնվեց ու տիրացավ տանը: Իր անունը` Օսման, լակոտի անունը` Օսման, աշխարհում էլ ուրիշ անուն չկա: Հայտնվեց, տիրացավ պառավի տանը և ասում է, թե տունը գնել է. գայմագամից, այսինքն` գավառապետից թուղթ ունի: Երեկ-մյուս օր է հայտնվել, բայց գյուղի անունը արդեն աղավաղել-հարմարացրել է իր լեզվին, իսկ Մեհրեաղբյուրը կնքել է Աթաբունար, որպես թե՝ հին անունը, աղբյուրի նախնական անունը այդ է եղել՝ Աթաբունար:
Սադայելի ծնունդ, այդպիսի բան ինչպե՞ս կարող է լինել. չէ՞ որ աղբյուրը Մհերի անունով է: Առյուծ Մհերի անունով: Աղբյուրն իր պատմությունն ունի. Մհերը, ուրեմն, Սասնա տան Մհերը, հենց այստեղ, այս սարի վրա է առյուծին հանդիպել, հանդիպել ու դատարկ ձեռքով ճղել է առյուծին և, աստծո հրամանով, այդտեղից՝ առյուծին հանդիպած ու ճղած տեղից, աղբյուր է բխել: Այ, այդպես է եղել: Եվ Մհերը կնքվել է Առյուծ Մհեր, իսկ աղբյուրը՝ Մեհրե: Այ, այդպես է եղել...
Մուշեղ Գալշոյան, «Մամփրե արքան»
Նյութի աղբյուր՝ http://noni-no.livejournal.com/656014.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել