News.am-ը գրում է.

Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում նոյեմբերի 9-ին տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանության գործով կալանավորված Արկադի Բարսեղյանի փաստաբանը պատրաստվում է դատարանի որոշումը բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարան։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Վլադիմիր Մինասյանը։

«Համաձայն չենք դատարանի որոշման հետ։ Պատրաստվում ենք որոշումը բողոքարկել։ Եթե նրանք կալանավորված են, դա դեռ չի նշանակում, որ այլ ապացույցներ չեն բացահայտվելու»,- ասաց Վլադիմիր Մինասյանը։

Փաստաբանը նշեց, որ Արկադին նախաքննական մարմնին ներկայացրել է այդ օրվա իր ամբողջ շարժը. «Արկադին ավելացրել է՝ ես չէի կարող այդ վայրում լինել։ Նախաքննական մարմնին էլ առաջարկել է ուսումնասիրել իր ամբողջ շարժը։ Սակայն նախաքննական մարմինը չի ուսումնասիրել»։

Մինասյանը պնդեց, որ գործով մյուս մեղադրյալ Վրույր Բարսեղյանն Արկադիի հետ որեւէ առնչություն չունի. «Վրույրի հետ Արկադին ոչ մի կապ չունի։ Գյուղ է, կարող են իրար ճանաչել»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Պեմզաշեն գյուղում դաժան սպանություն էր տեղի ունեցել. սեփական բնակարանում գտել էին 31-ամյա բնակչուհու եւ վերջինիս 12-ամյա դստեր եւ 8-ամյա որդու մարմինները: Մահացածներն են մայրը՝ 31-ամյա Զարինեն, ու նրա երկու երեխաները՝ 12 տարեկան դուստրը եւ 8 տարեկան որդին։ Դաժան սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի 32-ամյա բնակիչը, որը ոստիկանությունում տվել է ինքնախոստովանական ցուցմունք, հաջորդ օրը ձերբակալվել է նաեւ հանցանքը ենթադրաբար կատարած երկրորդ անձը՝ 36-ամյա տղամարդ։ Տղամարդիկ, ըստ գյուղի բնակիչների, ազգականներ են, երկուսն էլ ամուսնացած են, ունեն երեխաներ։ Սպանված կնոջ ամուսինը ՌԴ-ում էր՝ արտագնա աշխատանքի, վերադարձել է ողբերգական դեպքից հետո։

Այսօր Քննչական կոմիտեն դեպքից մանրամասներ է հայտնել.

«Շիրակի մարզի 32-ամյա բնակիչը, որը տառապում է «անձի էմոցիոնալ խանգարում՝ սուիցիդալ մտքերով» հոգեկան հիվանդությամբ, 2022թ. նոյեմբերի 8-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, իր ազգական, նույն բնակավայրի 41-ամյա բնակչի հետ հանդիպման ընթացքում տեղեկանալով Պեմզաշեն բնակավայրի 31-ամյա բնակչուհու տանը ենթադրաբար գումար լինելու մասին՝ պայմանավորվել է մուտք գործել տուն եւ գումար հափշտակել։ Նույն օրը, օգտվելով նշված տան մուտքի դռան բաց լինելու հանգամանքից, ապօրինի մուտք են գործել տուն։ Երբ տեղեկացել են՝ տանը գումար չկա, կապել եւ դաժանությամբ սպանել են կնոջը։ Ապա 32-ամյա տղամարդը, կատարված հանցանքները թաքցնելու նպատակով, կապել է երեխաների ձեռքերն ու ոտքերը եւ խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ»։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 32-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ ՔՕ 155-րդ (սպանություն) հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ եւ 13-րդ կետերով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ , 5-րդ, 6-րդ եւ 13-րդ կետերով (2 դրվագ), 252-րդ (ավազակություն) հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 198-րդ (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ) հոդվածի 4-րդ մասով։ 41-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 13-րդ կետերով եւ 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել