Pastinfo.am-ը գրում է․

19-ամյա Նարեկ Սահակյանը՝ դիրքի ավագի հետ, մինչև սեպտեմբերի 13-ի լուսաբացը պահել է դիրքը։ Դիրքի անձնակազմից ողջ մնացած վերջին երկու հոգին զոհվել են առավոտյան ժամը 5-ի կողմերը՝ անօդաչուի հարվածից։

«Նարեկի մարտական ընկերներից ոչ ոք ողջ չի մնացել։ Շատ քիչ բան գիտենք կատարվածի մասին, դա էլ երեխու հուղարկավորությանը եկած հրամանատարից ենք իմացել։ Իր պատմելով՝ Նարեկը՝ դիրքի պատասխանատուի հետ, մինչև առավոտյան 5-ը կռիվ է տվել»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Նարեկի հորեղբայրը՝ Սանասար Սահակյանը և հավելում՝ հրամանատարներն էլ էին հասցրել ճանաչել երեխուն, գիտեին, որ համեստ, խելոք տղա էր։

Նարեկը Շիրակի մարզի Սպանդարյան գյուղից էր. զորակոչվել էր բանակ 2021թ. հուլիսին։ Ծառայում էր Վարդենիսում։ Հորեղբոր պատմելով՝ ոչ միայն չափից շատ համեստ է եղել, այլև՝ փակբերան էր. ոչ մի անգամ ծառայության հետ կապված որևէ դժգոհություն չէր հայտնում.

«Էս վերջերս մենակ տղայիս ասաց՝ թե կարող եք, գյուղից ածուխի վառարաններ ուղարկեք դիրքեր. ածուխ ունենք, բայց վառարան չկա, որ վառենք։ Ինձ հետ քիչ էր խոսում, քաշվում էր ինձնից, երեխեքի հետ էր ավելի շատ խոսում»։

Նարեկը երազանք ուներ՝ բանակից վերադառնալուց հետո ավարտին հասցնել տան շինարարությունը, որի հիմքը հոր հետ միասին էին գցել.

«Իրենց տունը հին, վթարային շենք է, երկրաշարժից վնասվել էր։ Հայրն ուզում էր տղայի համար նորմալ տուն սարքել, որ գա, ընտանիք կազմի ու ապրելու տեղ ունենա։ Արդեն պատերը դրել էին, ծածկը սարքել։ Ամեն ինչ մնաց կիսատ... Հիմա մի սենյակը սարքում են, որ Նարեկի սենյակը դառնա, նրա հետ կապված բոլոր հուշերն այնտեղ ամփոփեն...»,-ասում է զոհվածի հարազատը։

19-ամյա ժամկետային Նարեկ Սահակյանի մարմինը հայկական կողմին էր փոխանցվել սեպտեմբերի 20-ին՝ 95 մարմինների թվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել