Hayeli.am-ը գրում է.
Վաղը նախատեսված է Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա: Այս այցի նպատակը ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպումն է, որը, կարծես, բավական ձգձգվեց:
Ամբողջ քաղաքական դաշտ սպասում է, թե ինչ որոշում է կայացվելու Սարգսյան-Պուտին հանդիպման արդյունքում մեկ հարցի շուրջ՝ Հայաստանն ի վերջո նախաստորագրե՞լու է ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, թե ոչ: Այլ կերպ ասած՝ Պուտինին հաջողվո՞ւմ է այնպես անել, որ Հայաստանը հրաժարվի Եվրաինտեգրման գործընթացից եւ մեծ նշանակության այս փաստաթղթի նախաստորագրումից:
Սա բացառիկ հարց է, որի արդյունքում, եթե կուզեք՝ որոշվելու է մեկ հարց՝ Հայաստանն ընդհանրապես ի վիճակի՞ է ինքնուրույն որոշում կայացնել, Հայաստանը անկախ, ինքնիշխան պետությո՞ւն է, թե՞ Ռուսաստանի կցորդը:
ԵՄ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները գրեթե ավարտված են, փաստաթուղթը գրեթե պատրաստ է, մնացել են վերջին շտկումները: Հայաստանն իր քաղաքական որոշումը կայացրել է, բազմաթիվ հայտարարություններ են հնչել ՀՀ իշխանությունների եւ եվրոպացի գործընկերներ կողմից, որ այդ փաստաթուղթը Հայաստանի համար մեծ նվաճում ու առաջընթաց կլինի, եթե ստորագրենք:
Ռուսաստանը Հայաստանի «ռազմավարական» գործընկերն է, մեր տարածքում են գտնվում Մոսկվայի ռազմաբազաները, Հայաստանը Հարավային Կովկասում միակ երկիրն է, որը Ռուսաստանի հետ խնդիր չունի եւ վստահելի գործընկեր է: Մեր երկրում ՌԴ-ն ունի ռազմավարական օբյեկտներ, որոնք տրվեցին Ռուսաստանին՝ «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքի արդյունքում Ռոբերտ Քոչարյանի ձեռքով:
Թվում է, թե սրանից ավելին Ռուսաստանին էլ ի՞նչ է հարկավոր․․․Հայաստանի հասարակության կողմից մեր երկրի անկախությունից ու ինքնիշխանությունից հրաժարո՞ւմ՝ հանուն Պուտինի ցինիկ ժպիտի․․․
Եթե Մոսկվան դրդում է Հայաստանին ընտրություն կատարել՝ «կամ-կամ»-ի խնդիր դնելով, ապա Հայաստանը ստիպված է ընտրել «կամ-կամ»-ը, բայց ի օգուտ ԵՄ-ի հետ ինտեգրացման, որովհետեւ դա ճանապարհ է դեպի քաղաքակիրթ Եվրոպայի ազատ շուկա, իսկ դեպի հյուսիսը՝ անորոշություն է ու ճահիճ․․․
Ի վերջո, մեր հասարակության մեծ հատված էլ Մոսկվայի վարած քաղաքականության արդյունքում օր-օրի հիասթափվում է «ռազմավարական դաշնակցից», եւ եթե բանը հասնելու է նրան, որ Մոսկվան սպառնալու է Հայաստանին՝ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու համար, ապա մնում է, որ մենք այդ ընտրությունը կատարենք եւ վճարենք այդ գինը, որը թեկուզ կարող է թանկ լինել, բայց գոնե կպահպանենք մեր անկախ պետության ինքնիշխանությունը:
Իսկ այն, որ ռուսական սպառնալիքները արդեն անցել բոլոր թույլատրելի սահմանները՝ արդեն իսկ փաստ է: Հիշենք մի քանի օր առաջ Հայաստանում Ռուսաստանի դաշնության դեսպանատան առաջին քարտուղար Ալեքսանդր Վասիլեւի թափանցիկ ակնարկները, երբ անդրադառնալով Հայաստանի կողմից Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման մտադրությանը նա բաց ու հստակ նշեց․ «Արեւմտյան գործընկերները, որոնց հետ մենք էլ շփվում ենք, երբեմն թույլ են տալիս իրականությունը չարտահայտող երեւույթներ: Եկեք չմոռանանք լեհ ներկայացուցիչների ելույթները, ովքեր ասացին, որ «եւ՛, եւ՛»-ի տարբերակը անհնար է եւ պետք է ընտրել, շարժվել «կա՛մ, կա՛մ»-ով»: ՌԴ դեսպանատան ներկայացուցիչը չփորձեց էլ թաքցնել. «Ակնհայտ է, որ կան սահմանափակումներ: Սա մեզ մտահոգում է, չնայած հայ հասարակությունը պնդում է, որ երկու կառույցները համատեղելի են, բայց կասկածներ կան հակառակի մասին»: Ապա Վասիլեւը ուղղակի սպառնաց, որ Հայաստանը համաձայնագրի ստորագրումից հետո բարդություններ կունենա տնտեսական ու բարոյահոգեբանական առումով. «Քաղաքական վեկտորի ընտրության առումով թեժ աշուն է սպասվում: Կարծում եմ` ընտրությունը կկայացվի եւ կկայացվի ճիշտ»:
Դժվար է կանխատեսել Սերժ Սարգսյանի քայլերը եւ միանշանակ ասել, թե նա ինչ է որոշում է կայացրել, կամ ընդհանրապես՝ որքան է վճռական Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրելու հարցում, մանավանդ, երբ անցյալ շաբաթ Hayeli.am-ի տեղեկություններով՝ Տիգրան Սարգսյանը մի առիթով հայտարարել է, թե նոյեմբերին Հայաստանը չի էլ պատրաստվում նախաստորագրել ԵՄ Ասոցացման համաձայնագիրը:
Մի բան անվիճելի է, ԵՄ Ասոցացման համաձայնագրից հրաժարվելը թանկ գին կարժենա, նախեւառաջ մեր հասարակության համար, անշուշտ նաեւ Սերժ Սարգսյանի իշխանության համար: ԵՄ Ասոցացման համաձայնագրից հրաժարվելը նաեւ տարածաշրջանային առումով կլինի մեծ հարված Արեւմուտքի ձգտումներին:
Ինչեւէ, առաջիկա շաբաթները իրադարձություններով հարուստ կլինեն թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանի շուրջ: Հետեւենք իրադարձությունների զարգացմանը: