Hetq.am-ը գրում է.

Առողջապահության նախկին նախարար, այժմ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանի ընտանիքը ձկնաբուծական բիզնես է սկսել Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում: «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ի բաժնետերերից մեկը թեև պաշտոնյայի հայրն է՝ գյուղում ձկնաբուծարանն ավելի հայտնի է որպես «Արսեն Թորոսյանի ձկնաբուծարան»:

«Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ն ստեղծվել է 2021թ. մայիսի 27-ին: Ընկերության հիմնադիրը եղել է Շավարշ Գրիգորյանը և նրա կինը՝ Էդիտա Գուրօղլյանը: Գրիգորյանը Արսեն Թորոսյանի նախարար աշխատած ժամանակահատվածում զբաղեցրել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը: Նա աշխատանքից ազատվել է 2020թ. դեկտեմբերին: Իսկ 2021թ. հոկտեմբերից մինչև 2022թ. ապրիլի 28-ը զբաղեցրել է ՊԵԿ նախագահի խորհրդականի պաշտոնը:

Մինչ նախարարի տեղակալ նշանակվելը, Շավարշ Գրիգորյանը եղել է «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար, ինչպես նաև զբաղեցրել է Սևանի հոգեկան առողջության պահպանման կենտրոնի տնօրենի պաշտոնը: Նա եղել է նաև առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանի օգնականը:

Պարզվում է, որ Շավարշ Գրիգորյանը ևս սեր ունի ձկնաբուծության հետ: Նրան է պատկանում խոշոր ձկնաբուծարաններից մեկի` «Մակ Ֆիշ» ՍՊԸ-ի բաժնեմասերի 16.67%-ը: Այն ձեռք է բերել 2021թ. ապրիլի 2-ին` «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ի հիմնադրումից մոտ երկու ամիս առաջ:

«Մակ Ֆիշ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2009թ․-ին: Ընկերությունը «Մաքս Ֆիշ» ընկերությունների խմբի անդամ է: Հիմնական գործունեությունը ձկնաբուծությունն է՝ թառափի, սաղմոնի, իշխանի և այլ ձկնամթերքի աճեցում և վերարտադրություն, ինչպես նաև ձկան և ծովամթերքի առևտուր։ Պատրաստի արտադրանքի մեծ մասն արտահանվում է Ռուսաստան:

Ընկերության են պատկանում Արարատի մարզի մի քանի գյուղերում արհեստական ձկնաբուծության համար նախատեսված լողավազաններ՝ մոտ 14 հա ընդհանուր մակերեսով։

«Մակ Ֆիշ» ՍՊԸ-ի բաժնետերերից է նաև դեղագործական ոլորտում հայտնի «Իննովաֆարմ» ՍՊԸ-ի 15% բաժնետեր Վահրամ Թորոսյանը: Նրան է պատկանում «Մակ Ֆիշ» ՍՊԸ-ի բաժնեմասերի 25%-ը:

Նշենք, որ հիմնադրումից ամիսներ անց «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ի բաժնետերերը փոխվել են: 2021թ. հոկտեմբերի 19-ից ընկերության 80% բաժնեմասը պատկանում է Արսեն Թորոսյանի հորը՝ Գևորգ Թորոսյանին: Իսկ 20%-ի սեփականատերը Արագածոտնի մարզպետի խորհրդական Ռազմիկ Թադևոսյանի հայրն է՝ Սարգիս Թադևոսյանը: Վերջինս նույնպես պաշտոն է զբաղեցրել Արագածոտնի մարզպետարանում: 2016թ. նշանակվել է Արագածոտնի արդեն նախկին մարզպետ ՀՅԴ-ական Գաբրիել Գյոզալյանի օգնականի պաշտոնում: Օգնականի պաշտոնից ազատվել է 2017թ. օգոստոսի 11-ին: Մինչ այդ էլ աշխատել է հարկային մարմնում:

Հողատարածքը, որտեղ գործունեություն է ծավալում «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ն, գտնվում է Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում: Կադաստրի կոմիտեի տվյալների միասնական էլեկտրոնային բազայից ստացված տեղեկատվության համաձայն՝ հողի սեփականատերը ընկերությունում 20% բաժնեմաս ունեցող Սարգիս Թադևոսյանն է, ումից էլ «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ն վարձակալել է 217 քմ արտադրական նշանակության հողատարածք և 9 ջրավազան:

Նշենք, որ Սարգիս Թադևոսյանը նաև «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ի տնօրենն է:

Արսեն Թորոսյանի ընտանիքը՝ մարզպետի խորհրդականի ընտանիքի անդամների միջոցով «ընդլայնվում» է Արագածոտնի մարզում:

Արսեն Թորոսյանը, հոր՝ Գևորգ Թորոսյանի և Սարգիս Թադևոսյանի՝ «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ում բաժնետեր դառնալու հաջորդ օրը՝ 2021թ. հոկտեմբերի 20-ին, երկու միավոր հողատարածք է գնել Արագածոտնի մարզի Փարպի գյուղում: Այս տեղեկատվությունը նշված է պաշտոնյայի 2021թ. գույքի, եկամուտների, շահերի տարեկան հայտարարագրում:

Թորոսյանը հողատարածքները գնել է ընտանիքի նոր բիզնես գործընկերոջ՝ Սարգիս Թադևոսյանի կնոջից՝ Աննա Թադևոսյանից՝ համապատասխանաբար վճարելով 3 մլն 700 և 1 մլն 300 հազար դրամ:

Սարգիս Թադևոսյանը Փարպի գյուղից է: Այդ գյուղից է նաև Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը: Այս գործոնով պայմանավորված՝ ոչ միայն Սարգիս Թադևոսյանի որդին է պաշտոն զբաղեցնում մարզպետարանում, այլև եղբորորդին՝ 27-ամյա Գալուստ Թադևոսյանը: Վերջինս էլ Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետն է:

«Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ն ձկնաբուծությամբ զբաղվելու նպատակով ջրօգտագործման թույլտվություն ստացել է 2022թ. մարտի 10-ին, 3 տարի ժամկետով: ՍՊԸ-ն «անանուն աղբյուրից» (այդպես է նշված տվյալներում) վայրկյանում ստանալու է 60 լիտր ջուր:

Անշարժ գույք գնելու առումով 2021թ.-ն «բարեբեր» է եղել Արսեն Թորոսյանի համար: Նա, Փարպիում գնած հողատարածքներից բացի, երկու միավոր հողատարածք էլ ձեռք է բերել Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի Քարաշամբ գյուղում:

Հողատարածքներից մեկը 2 մլն 700 հազ. դրամով գնել է Քարաշամբի նախկին համայնքապետ  Զորիկ Խլղաթյանից: Վերջինս համայնքը ղեկավարել է 24 տարի` 1996թ․-ից մինչև 2020թ. սեպտեմբերի 18-ը:

Պատմության մասնագետ Զորիկ Խլղաթյանն այժմ Քարաշամբ գյուղի դպրոցի տնօրենն է: 

Մյուս հողամասը, որի արժեքը կազմել է 12 մլն 300 հազ. դրամ, ըստ հայտարարագրի, Արսեն Թորոսյանը գնել է Զորիկ Խլղաթյանի եղբորորդուց` 25-ամյա (գործարքի ժամանակ) Հենրիկ Խլղաթյանից:

Նշենք, որ Զորիկ Խլղաթյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրել է համայնքապետի պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիր: Այդ ժամանակ Քարաշամբ գյուղում իր անունով ունեցել է 16 միավոր հողատարածք, մեկ առանձնատուն և հողին ամրակցված 2 միավոր անշարժ գույք: Մեկ միավոր հողատարածք էլ հայտարարագրել է Կոտայքի մարզի Արզական գյուղում:

Նշված անշարժ գույքերից երեքը միանձնյա սեփականություն են, մնացած 17-ը` կնոջ և այլ անձանց հետ համատեղ:

Զորիկ Խլղաթյանի կինը` Գայանե Իսախանյանը, ըստ հայտարարագրի, 2020թ. սեպտեմբերի 18-ի դրությամբ իր անունով Քարաշամբում ունեցել է 21 միավոր անշարժ գույք, որից 5 միավոր հողի նկատմամբ միանձնյա սեփականատեր է:

Արսեն Թորոսյանը 2020թ. սեպտեմբերին, կնոջ հետ համատեղ, 13 մլն 692 հազար դրամով հողատարածք է գնել նաև Ծաղկաձոր համայնքում:

2021թ. գույքի, եկամուտների, շահերի տարեկան հայտարարագրի համաձայն՝ Արսեն Թորոսյանի եկամուտները կազմել են մոտ 28 մլն 420 հազ. դրամ և 20 հազ 737 եվրո: Դրամային եկամուտներից 9 մլն 520 հազ․ դրամը Արսեն Թորոսյանի հոր՝ Գևորգ Թորոսյանի նվերն է որդուն: Մնացածը ստացել է պետական մարմիններից՝ աշխատավարձ կամ այլ եկամուտ: Ինչ վերաբերում է եվրոյով արտահայտված եկամուտին, Թորոսյանն այն  ստացել է ավստրիական «Bank Austria» բանկից:

Իշխանական պատգամավորը հայտարարագրել է նաև բանկերում պահվող դրամական միջոցներ` մոտ 12 մլն 464 հազ. դրամ, 20 հազ. դոլար և 31 հազ. եվրո:

2021թ. Ա. Թորոսյանը 17 մլն 750 հազ. դրամով ձեռք է բերել 2017թ. արտադրության BMW մակնիշի ավտոմեքենա: Նույն տարում 16 մլն 400 հազ. դրամով վաճառել է իր ունեցած BMW մակնիշի ավտոմեքենան:

Թորոսյանը կնոջ հետ համատեղ առանձնատուն ունի Երևանի Նոր Նորք վարչական շրջանում: Այն գնել է 2011թ․-ին:

Ինչ վերաբերում է Արսեն Թորոսյանի կնոջ` Վարդանուշ Թևանյանի եկամուտներին, 2021թ. տարեկան հայտարարագրում նշված է մոտ 34 մլն: Նշված գումարը ստացել է «ՄԻԲՍ» ՍՊԸ-ից՝ որպես աշխատավարձ և վարձակալության դիմաց ստացված վճար:

Որպես դրամական միջոց՝ Վ. Թևանյանը հայտարարագրել է 8 մլն 187 հազ. դրամ, 98 դոլար և 8 հազար 80 եվրո: Հայտարարագրում նշված է նաև կանխիկ դրամ` 1 մլն 500 հազ. դրամ:

Վարդանուշ Թևանյանը նաև խոշոր չափի ավանդներ ունի: Երեք ավանդների հանրագումարը 2021թ. վերջում կազմել են 51 հազ. 558 դոլար:

Նա 19 մլն 380 հազ. դրամ, որպես փոխառություն, հանձնել է «Ասիամեգաստրոյ» ՍՊԸ-ին: Վերջինս բազմաֆունկցիոնալ բնակարաններ կառուցող ընկերություն է: Չի բացառվում, որ Թորոսյանի կինն այդ ընկերությունից բնակարան է գնում, և վճարված գումարը կանխավճար է:

Պատգամավորի կինն ունի MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2019թ․-ին: 2021թ. 7 մլն դրամով վաճառել է իր BMW 535 մակնիշի ավտոմեքենան:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել