Lurer.com-ը գրում է.

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը Ռուսաստանի Դաշնությանը կանխարգելիչ հարված հասցնելու մասին անվանել է «անկանխատեսելի հրեշավոր հետևանքներով համաշխարհային պատերազմ սկսելու կոչ»։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ աշխարհի բոլոր երկրները պետք է ուշադրություն դարձնեն Զելենսկու հայտարարություններին։

«Սա նախագահ Զելենսկու հայտարարությունն է, որին պետք է ուշադրություն դարձնեն աշխարհի բոլոր երկրները։ Զելենսկու այս հայտարարությանը հատկապես պետք է ուշադրություն դարձնեն Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և ԵՄ երկրները։ Առաջին հերթին՝ առաջին երկուսը»,- ասել է նա։

Ավելի վաղ Զելենսկին ասել էր, որ ՆԱՏՕ-ն պետք է կանխարգելիչ հարվածներ հասցնի Ռուսաստանի Դաշնությանը, այլ ոչ թե սպասի Ռուսաստանի միջուկային հարվածներին։ Այս մասին նա հայտարարել է Ավստրալիայի Լոուի ինստիտուտում տեսակապի միջոցով ունեցած ելույթի ժամանակ։

Մինչ այս Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը չի օգտագործի միջուկային զենք հակամարտությունում, քանի որ դա սպառնալիքներ կստեղծի իր կյանքի համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել