ՀԱՊԿ-ից դուրս գալու ցանկության մասին կամ «նաղդը թողած, նիսյայի հետևից ընկնելու» նուրբ արվեստը
Անզեն աչքով նկատելի է, որ արդյունաբերական մասշտաբներով հակառուսականության քարոզը Հայաստանում հասել է իր վերջնանպատակի իրագործմանը, այն է` ՀԱՊԿ-ից մեզ հանելուն և Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները խզելուն: Սրանից հմտորեն օգտվում են կապիտուլյանտները. չէ՞ որ հիմա էլ կպարզվի, որ ամեն ինչում «ռուսներն են մեղավոր»: Սակայն սա ավելի երկրորդային է այն աղետի հետ համամետած, որը սպասվում է Հայաստանին նման պայմաններում աշխարհաքաղաքական կողմնորոշման փոփոխության պարագայում: Առանց որևէ երաշխիքի, ուղղակի «բարի խոսքերով ու ժպիտներով» արևմուտքը կարողացել է տիրել մեր հասարակության «մտքին ու սրտին», ինչը նպատակ ունի ոչ թե իրական օգնություն ցուցաբերել Հայաստանին, այլ այստեղից հեռացնել ռուսներին, վանել Իրանը և մեզ թողնել թուրքերի հետ մենմենակ: Իսկ թե ինչ կլինի հետո, «շատ հուզիչ է»:
Սակայն այս մասին դեռ կհասցնեմ առավել մանրամասն խոսել: Իսկ այս տաք երեկոյան կպատմեմ ձեզ մի իրական դեպք, որ տեղի է ունեցել մոտ հարյուր տարի առաջ` 1918թ. աշնանը:
1918թ. նոյեմբերի 29-ին Անդրանիկի զորամասը դուրս է գալիս Գորիսից եւ շարժվում Շուշի։ Նպատակը` Շուշիի ազատագրումն էր և Արցախում հայկական իշխանության վերահաստատումը:
Թվում էր, թե ամեն ինչ հաջող է ընթանում, եւ շուտով հայ զինվորները մտնելու են Շուշի։ Սակայն Ավդալարում (այսօրվա` Բերձոր) տեղեկություն է ստացվում, որ մի ծերունի երկու նամակ է բերում Անդրանիկին. մեկը՝ Բաքվի անգլիական զինվորական հրամանատարությունից, մյուսը՝ Ադրբեջանի վարչապետ Ֆաթալի Խան-Խոյսկուց։
Առաջին նամակում գեներալ Թոմսոնը պահանջում էր Անդրանիկից դադարեցնել առաջխաղացումը եւ սպասել իր սպաներին, որոնք շատ շուտով Ղարաբաղ են հասնելու։
Իսկ Խան-Խոյսկին նամակով Շուշիի նահանգապետին եւ քաղաքագլխին հանձնարարում էր անգլիացիների նամակները հասցնել Անդրանիկին:
Գեներալ Թոմսոնի պահանջների համաձայն Անդրանիկը պետք է կանգնեցներ հարձակումը եւ հեռանար, քանի որ «Ղարաբաղի եւ Զանգեզուրի հարցը որոշվելու էր Փարիզի խաղաղության խորհրդաժողովում»։ Ըստ անգլիացիների` ռազմական գործողությունների հետագա շարունակումը էապես կվնասեր Հայկական հարցի լուծմանը. «Եթե դուք չլսեք եւ առաջ շարժվեք, ձեր այդ քայլը վատ կանդրադառնա հայկական հարցի վրա, որով այժմ զբաղված է Փարիզի կոնգրեսը»։
Խորհրդականները փորձում են համոզել Անդրանիկին, որ վերջինս չլսի անիրական խոստումներին և շարունակի հարձակումը դեպի Շուշի, սակայն ապարդյուն: Ինչպես հիշում են վկաները` թուրքերն ու անգլիացիները գտել էին ամենահեշտ ձևը կանգնեցնելու Անդրանիկին` խաղալով ամենանուրբ զգացմունքների (Արևմտյան Հայաստանի վերադարձի ցանկության) հետ:
Անդրանիկը չգնաց Արցախ, Արցախում թուրքերն անգլիացիների օգնությամբ նոր կոտորած իրականացրին, որի արդյունքում էլ մենք ստացանք Արցախի հարցն այն տեսքով, որ այն կա հիմա:
Այսօր էլ խաղալով հայ ժողովրդի ամենանվիրական զգացմունքների հետ` Երևանի փողոցներում Սևրի պայմանագրի քարտեզը կախողները, հին ժողովրդական խոսքի պես, մեզ առաջարկում են զրկվել եղած «նաղդ» համակարգերից (որոնք լիարժեք չեն աշխատում, բայց նվազագույն չափով աշխատում են, հակառակ դեպքում թուրքը դեռ նոյեմբերի 10-ին կլիներ Երևանում), ու ընկնել «նիսյա» օգնության խոստումների հետևից: Ու երբ գա պահը, երբ այդ օգնության բացակայության պատճառով փաստի առաջ կանգնենք, մեզ կմնա «Վիլսոն» անունը և հայկական էպոսի չիրականացված երազանքը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/varujeans/posts/pfbid02BjjPwHHECtmGHp2gTVQigJ4hLqzeZpWHHsBZCscePjehULT4o98ua8r28cna3dRYl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել