Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը սկզբնական փուլում է, և Մոսկվան ցավում է, որ այն չի ընթանում առանց խախտումների։ Այս մասին ՌԻԱ Նովոստի գործակալության հետ զրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։
«Քանի որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացն իր սկզբնական փուլում է, մեր խնդիրն է ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմաններն աշխատանքի առավելագույն արդյունավետությունն ապահովելու, առանց այդ գործընթացին արտաքինից միջամտելու՝ սահմանային գոտում կայունության և անվտանգության մակարդակի բարձրացմանը նպաստելու և երկու կողմերի համար սահմանային այս նուրբ հարցերում քաղաքականացումից և սրացումներից խուսափելու համար։ Ցավոք, խախտումներից խուսափել չհաջողվեց: Սեպտեմբերի լույս 13-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանագոտում իրավիճակը կտրուկ սրվեց»,- ասել է Գոնչարը։
Նա նաև հիշեցրել է, որ ՌԴ ԱԳՆ-ն կողմերին կոչ է արել զերծ մնալ հետագա էսկալացիայից, զսպվածություն ցուցաբերել և խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը։



