Հայտնի չէ, թե դեռ որքան կարող է շարունակվել Ադրբեջանի սանձազերծած ռազմական ավանտյուրան, որը սպառնում է վերաճել տոտալ տարածաշրջանային պատերազմի՝ դրանում ներգրավված կողմերի համար միանգամայն անկանխատեսելի հետևանքներով: Ընդ որում՝ ներգրավված կողմ կարող են դառնալ ոչ միայն ազերիներն ու հայերը, այլև իրանցիները, ռուսները, թուրքերն ու թշնամու բոլոր դաշնակիցները՝ սկսած ասենք Պակիստանից:

Բայց գլխավոր հարցը, որ հիմա ծառացել է ողջ հայության առաջ, ոչ թե այն է, թե որքան կտևի կամ ինչ մասշտաբներ կկրի պատերազմը շարունակվելու դեպքում կամ ինչ կա Իլհամի գլխում, Էրդողանի սրտում կամ նրանց հովանավորների երիկամներում, այլ՝ այն, թե արդյոք գործ չունե՞նք պայմանավորված պատերազմի հետ: Հենց այս հարցն է, որ շատերին հենց հիմա տանջում է, ներսից կրծում՝ հարց, որի պատասխանից է կախված լինելու այն, թե ինչպիսի դիմադրություն ցույց կտա հայկական կողմը թշնամուն:

Բանն այն է, որ 44-օրյա պատերազմի դառը փորձը մարդկանց իրավամբ ներշնչել է անհաղթահարելի թերահավատություն առ այն, թե արդյոք իմաստ ունի՞ գնալ ու մեռնել հանուն հայրենիքի այն դեպքում, երբ ինչ-որ անթրաշ մեկը լիֆտերում կարող է ծախած լիել հողը հայրենի: 44-օրյայի ժամանակ էլ հայ տղերքը սեփական կյանքի գնով պահեցին դիրքերը, մարտի դաշտում զիջվեց ընդամենը 3-4 շրջան, իսկ մնացյալն Իլհամը ստացավ Նիկոլի գրչի մեկ հարվածով՝ կոտրելով հայ զինվորի ու ազգի պայքարի ոգին, անիմաստ դարձնելով տղերքի անօրինակ անձնազոհությունը:

Առանց այս հարցի պատասխանը գտնելու ու գտածում համոզվելու անհնար է լինելու հայ մարդուն, կամավորներին, զինվորներին ստիպել գործել հերոսություններ, դրսևորել գերբնական հատկություններ, «ատամներով պահել» սեփական տունն ու հայրենիքը: Եթե չգտնվի այս հարցի պատասխանը, հենց հիմա արդեն իսկ կարելի կլինի արձանագրել հայկական կողմի պարտությունը:

Իսկ թե ինչ պետք է անել, որ ոչ թե պատերազմի ավարտին,երբ բանը բանից անցած կլինի, այլ դրա սկզբում պարզ դառնա գաղտնիքը, անկեղծ ասած, դժվար է ասել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել