Հարց`
Իմ անդամը մի քիչ ծռված է դեպի ձախ: Ինչպիսի՞ն պետք է լինի առողջ առնանդամը արտաքին տեսքից: Նկատի ունեմ՝ ուղի՞ղ, թե՞ թեք:
Հարցին պատասխանում է ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ Շահրամանյանը:
Առնանդամը հանգիստ վիճակում 6-8 սմ երկարություն ունի: Այն կազմված է գլխիկից և մարմնից: Առնանդամը ծածկված է մաշկով, իսկ ներսում կազմված է փապարային հյուսվածքից, որը գրգռվելու ժամանակ լցվում է արյունով և առաջացնում է էրեկցիա, այսինքն՝ անդամի մեխանիկական պնդացում: Այդ ժամանակ առնանդամի ծավալը մեծանում է 2-3 անգամ, նա պնդանում է և ընդունակ է դառնում սեռական հարաբերության: Գրգռվածության անկումից հետո արյունը հետ է հոսում, և առնանդամը հանգիստ վիճակի է վերադառնում: Գլխիկը ծածկող մաշկը, որը կոչվում է թլիփ, շարժուն է, ծալք է առաջացնում: Գլխիկի և թլիփի ներսային մակերեսը ծածկված է բազմաթիվ մանր գեղձերով, որոնք արտադրում են ճարպային արտազատուկ` սմեգմա: Անդամի գլխիկի թեքում կարող է նկատվել կարճ սանձիկի դեպքում: Բացի այդ, առնանդամի թեքում կարող է առաջացնեն առնանդամի հյուսվածքներում առաջացող շարակցահյուսվածքային վահանիկները, ինչպես նաև արյան համակարգի որոշ հիվանդություններ: Որպես կանոն, նման ծռությունը կապված է դեռևս ներարգանդային շրջանում հյուսվածքների զարգացման խնդիրների հետ: Դա բացահայտվում է հիմնականում դեռահասության շրջանում, երբ սպոնտան (ինքնաբուխ) էրեկցիա է տեղի ունենում: Բժշկական միջամտության մասին կարելի է մտածել, միայն եթե ծռությունը խիստ արտահայտված է կամ անհարմարություն է պատճառում սեռական ակտի ժամանակ: Սակայն կա նաև ձեռքբերովի` «Պեյրոնիի» հիվանդություն, որն արտահայտվում է առնանդամի` աստիճանաբար խորացող ծռությամբ: Սա շատ հազվադեպ հանդիպող հիվանդություն է, որի ժամանակ առնանդամի ներսում հայտնվում են գոյացություններ, որոնք էլ հենց ծռության պատճառ են դառնում: Այս հիվանդության առաջացման պատճառները մինչև վերջ ուսումնասիրված չեն. այն երկարատև բուժում է պահանջում: