Սարգսյան-Պուտին հանդիպումը. Ինչպիսի՞ն է Եվրոպական ու Եվրասիական միությունների հարցում ՀՀ դիրքորոշումըPanarmenian.net-ը գրում է.

Սարգսյան-Պուտին առաջիկա հանդիպումից պետք է սպասել երկխոսություն, որը ուղղված է հիմնականում մի քանի լուրջ հարցերի քննարկմանը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետԱլեքսանդր Մարկարովը: Նա նշեց, որ այդ հարցերը, ըստ էության, վերաբերում են ոչ միայն երկկողմ համագործակցությանը տարբեր բնագավառներում, այլև կարող են բարձրացվել հարցեր, օրինակ, տարածաշրջանային անվտանգության ապահովման շուրջ` հաշվի առնելով այն, որ Հայաստանն այս հարցում ոչ միայն Հարավային Կովկասում է գլխավոր դերակատար, այլև այն, որ առկա է ճգնաժամային վիճակ Մեծ Միջին Արևելքում:

Հարցին, թե ինչ քննարկումներ կարող են ընթանալ Եվրոպական ու Եվրասիական միությունների հետ համագործակցության առումով, Ալեքսանդր Մարկարովը պատասխանեց, որ կներկայացվի Հայաստանի դիրքորոշումն այս հարցերում, որը ոչ թե ընտրության, այլ փոխշահավետ համագործակցության մասին է:

«Հայաստանն իրականացնում է քաղաքականություն, որն ուղղված է և բխում է ՀՀ շահերից: Իսկ խոսելով այս շահերի մասին, բնական է, որ այսօր մեզ համար կարևոր է խորացնել մեր հարաբերությունները այն բոլոր գործընկերների հետ, որոնց հետ համագործակցությունը կարող է բերել դրական լիցքեր և քաղաքական դաշտում, և տնտեսական: Համապատասխանորեն, Հայաստանի դիրքորոշումը, որն, ըստ էության, ներկայացվելու է Մոսկվայում, պայմանավորված է նրանով, որ մենք կարող ենք ներկայացնել մեր տեսլականն այս համագործակցության շրջանակներում, որն իր մեջ պարունակում է մի կողմից եվրոպականացման քաղաքականությունը, ինչի շրջանակներում նախատեսվում է Ասոցացման համաձայանգրի նախաստորագրումը, և մյուս կողմից դա հարցականի տակ չի դնում Հայաստանի համագործակցությունը Ռուսաստանի հետ, որը շարունակվում է անկախ պետականության առաջին տարիներից»,- ասաց քաղաքագետը:

Նա նկատեց, որ ռուսաստանի հետ ռազմավարական փոխշահավետ համագործակցություն կա տարբեր բնագավառներում, որը ներառում է և քաղաքական, և տնտեսական, և ռազմական բաղադրիչներ: «Ռուսաստանը Հայաստանի խոշորագույն գործընկերն է տնտեսական ոլորտում, վերջին տարիներին իրականացնում է բավական լուրջ ներդրումներ, ունի իր հայտնի դիրքը ՀՀ տնտեսական համակարգում: Այս տեսանկյունից հարցը նրանում է, որ խոսքը ընտրության մասին չէ, այլ քաղաքական դիրքորոշումները ներկայացնելու մասին: Իսկ այս դեպքում առաջին հերթին հաշվի են առնվում այն շահերը, որ ունի Հայաստանը»,- եզրափակեց Ալեքսանդր Մարկարովը:

Հավելենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում սեպտեմբերի 3-ին Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Բանակցությունների ընթացքում նախատեսվում է երկկողմ օրակարգի հիմնական հարցերի շուրջ մտքերի փոխանակում, ներառյալ` քաղաքական, առևտրատնտեսական, էներգետիկ և հումանիտար ոլորտներում փոխգործակցությունը: Ենթադրվում է նաև ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացների և Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովմանը վերաբերող հարցերի քննարկում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել