Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտը պարզաբանում է տարածել երեկ Վանաձորից տեղափոխված և մահացած 20-ամյա ծննդկանի դեպքի մասին։
Պարզաբանումը ներկայացնում ենք ստորև․
Երեկ՝ օգոստոսի 25-ին, ողբերգական դեպք է պատահել՝ «Վանաձոր» բժշկական կենտրոնում․ արձանագրվել է ծննդկանի՝ 20-ամյա Մերի Մացակի Գրիգորյանի պտղի մահը։
«Ապա ծայրահեղ ծանր՝ հոգեվարքային/ագոնալ/ վիճակում ծննդկանը շտապ օգնության մեքենայով ուղեկցվել է դեպի Երևան։ Ճանապարհին վիճակն ավելի է բարդացել՝ արձանագրվել է պերիֆերիկ անոթազարկի բացակայություն և գիտակցության կորուստ։ Կյանքի հետ անհամատեղելի տվյալներով՝ անգիտակից վիճակում, ծննդկանին հասցրել են Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի վերակենդանացման բաժանմունք, որտեղ արձանագրվել է երիտասարդ կնոջ կենսաբանական մահը։ Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ «Վանաձոր» բժշկական կենտրոնի բժշկի նկատմամբ, որի անունն առայժմ չի հրապարակվում, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»։