ԱՄՆ-ն չի պատժի Ադրբեջանին

ԱՄՆ պետդեպն արձագանքել է Մինսկի խմբի նոր համանախագահ նշանակելու մասին Բաքվի հանդուգն հայտարարությանը, որում Ադրբեջանը սպառնացել էր Վաշինգտոնին, թե իբր ԱՄՆ-ն կարող է հեռանալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից, եթե Մինսկի խումբը վերականգնվի:

Գլոբալ հանրային կապերի գրասենյակի (Bureau of Global Public Affairs) փոխխոսնակ Վեդանթ Պանտելը, անդրադառնալով ադրբեջանական կողմի հայտարարությանը, հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ֆիլիպ Ռիքերին Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական է նշանակել՝ ընդգծելու իրենց հանձնառությունը՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում։ «Որպես երկիր մենք հանձնառու ենք՝ դյուրացնելու ուղիղ երկխոսությունը Ադրբեջանի և Հայաստանի հետ երկկողմ, բազմակողմ մակարդակներում, ինչպես նաև համախոհ գործընկերների հետ համագործակցության միջոցով հասնելու երկու երկրների միջև համապարփակ խաղաղ կարգավորմանը»,-նշել է նա՝ հիշեցնելով, որ այսուհետ դեսպան Ռիքերը ներկայացնելու է ԱՄՆ-ն թե՛ Մինսկի խմբում, թե՛ Ժնևի միջազգային բանակցություններում։

ԱՄՆ-ի արձագանքը ստացվել է բավական մեղմ, ինչը կարող է բացատրվել այն հանգանաքով, որ թե՛ Վաշինգտոնում, թե՛ Բաքվում բոլորը շատ լավ հասկանում են, որ Ադրբեջանն այն երկիրը չէ, որը կարող է կարմիր լույս վառել ԱՄՆ-ի պես գերտերության առաջ, բոյկոտել և այլն: Հետևաբար՝ Բաքվի կոշտ արձագանքը Վաշինգտոնում գնահատել են ընդամենը որպես Ալիևի՝ ներքին օգտագործման համար քարոզչական հնարք, որն ականջահաճո է ստացվել նաև Մոսկայի համար. հայտնի է, որ Կրեմլը շահագրգիռ չէ Մինսկի խմբի վերագործարկման հարցում, քանի որ չի ցանկանում կովկասյան այս հիմնախնդրում որևէ մեկի հետ կիսել իր լիդերությունը, իսկ Մինսկի խմբի վերագործարկումը կարող է բերել Արևմուտքի նախկին դիրքերի վերականգնմանը, ինչը որպես սպառնալիք է ընկալվում Մոսկվայի կողից՝ ուկրաինական ճգնաժամի պատճառով:

Միևնույն ժամանակ հատկանշական է այն հիմնական ուղերձը, որը պարունակվում է ամերկացիների արձագանքում. Ռիկերի առաքելությունը միտված է լինելու հայ-ադրբեջանական երկխոսության կազմակերպմանը և ոչ ավելին: Ինչ վերաբերում է երկու երկրների միջև համապարփակ խաղաղ կարգավորմանը, ապա այդ հարցը չնայած թվում է առաջնային, բայց իրականում ո՛չ Արևմուտքի, ո՛չ էլ ՌԴ-ի համար այն առաջնային հարց չէ, այլ առաջնային է մնում հակամարտության կառավարման խնդիրը:

Առաջնայինը կոմունիկացիաների ապաշրջափակման հարցն է, որն էական է թե՛ ՌԴ-ի, թե՛ Արևմուտքի համար,նրանցից ամեն մեկն իր ծրագրերն ունի՝ դրա հետ կապված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել