Tert.am-ը գրում է.

Ուսումնական տարվա առաջին ամսվա՝ սեպտեմբերի ընթացքում ճանապարհային ոստիկանությունը բոլոր դպրոցների մոտ երթևեկության վերահսկողություն կիրականացնի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը:

«Ճանապարհային ոստիկանությունն աշխատելու է հատուկ աշխատանքային գրաֆիկով, հանգստյան օրեր չեն լինելու, բոլոր դպրոցներին կցված են կարգախմբեր, որոնք ողջ ամսվա ընթացքում չեն փոխվելու: Դրա նպատակն այն է, որ ոստիկանը ծանոթանա տեղանքին, երեխաներին, մանկավարժական կոլեկտիվին: Մենք ամեն ինչ անելու ենք, որ երեխաները ճանապարհատրանսպորտային պատահարների մասնակից չդառնան»,- ասաց Նորիկ Սարգսյանը և տեղեկացրեց, որ դպրոցների մոտ ոստիկանները կլինեն առավոտյան 8-ից մինչև 9-ը և դասերի ավարտին՝ 11-ից 1-ը:

Նորիկ Սարգսյանը նշեց, որ իրենք կցանկանային ողջ տարվա ընթացքում դպրոցների հարակից տարածքում երթևեկությունը վերահսկել, սակայն այդքան ոստիկան չունեն:

«Դրա համար մենք հանդիպել ենք դպրոցների տնօրենների հետ, և մեր ծառայությունը առաջարկել՝ սեպտեմբեր ամսվա ընթացքում որևէ դասաժամ տրամադրելու դեպքում պատրաստ ենք երեխաներին սովորեցնել երթևեկության կանոններ»,- ասաց նա:

Նորիկ Սարգսյանը տեղեկացրեց նաև, որ ՃՈ կողմից վերջին օրերին ուսումնասիրվել է դպրոցների տեղանքը, երթևեկության կազմակերպման սխեման, անհրաժեշտության դեպքում նոր գծանշաններ են արվել՝ հաշվի են առնվել նաև տնօրենների և մանկավարժական կոլեկտիվների կողմից արված առաջարկները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել