Առաջին հերրթին մտածելակերպն է պետք փոխել, նոր` դերակատարներին (Շեքսպիր)
Երբ մենք խոսում ենք արմատական բարեփոխումների մասին, մոռանում ենք մի շատ կարևոր բան, թե ովքեր պետք է իրականացնեն այդ բարեփոխումները, այսինքն` մենք մոռանում ենք մարդկային գործոնի մասին: Նույնը կադրային փոփոխությունների հարցում է, երբ ասում են` պետք են նոր կադրեր... Այո´, միանշանակ մեզ անհրաժեշտ են նոր կադրեր, բայց ի՞նչ կարող են նրանք անել, եթե նրանց մտածելակերպը չի տարբերվում հների մտածելակերպից: Ես հակված չեմ այն մտքին, որ ամեն մեկը, ով ավարտել է Օքսֆորդը, կամ Քեմբրիջը, կամ նմանատիպ բարձրագույն հաստատություններ, պետք է առավելություն ունենա տեղական բուհեր ավարտածների նկատմամբ: Օրինակ` ի՞նչ օգուտ կարող է տալ Օքսֆորդից վերադարձած այն ուսանողը, որը տարիներ շարունակ Հայաստանում շքեղ ապրել է հոր վերցրած կաշառքների հաշվին: Իհարկե, ես հասկանում եմ, որ հիմա այս տողերը կարդացողներից շատերը կարող են ասել. «Ինչո՞ւ ես այդպես ասում, ես այնպիսի երիտասարդների գիտեմ, որոնց ծնողները կոռումպացված էլեմենտներ էին, սակայն իրենց զավակները, վերադառնալով արտասահմանից, կյանքին այլ աչքով են նայում»` մոռանալով, որ այդպիսի երևույթները եզակի են: Առաջին հայցքից պոպուլիստական թվացող իմ այս օրինակը ավելի խորը արմատներ ունի...
Հարգելի´ ընթերցողներ, իհարկե սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, որը աստված տա սխալ լինի, բայց կա այսպիսի մի պապենական արտահայտություն` «Ինչին աչքդ սովորել է մանկուց, հետ չես սովորեցնի տարիների ընթացքում»: Այսօր մեր երկրում ստեղծվել է մի այնպիսի անտանելի իրավիճակ, որ միայն ֆանատիկորեն իրենց ազգը սիրող մարդիկ կարող են այն շտկել, մարդիկ, որոնց համար «կաշառք, կոռուպցիա, թալան» բառերը ծնված օրվանից անընդունելի են եղել: Մարդիկ, ովքեր պատրաստ են այդ արատների դեմ անմնացորդ պայքարել: Հասարակ մի հարց, ինչպե՞ս կարող է երիտասարդ կադրը էֆեկտիվ պայքարի կոռուպցիայի դեմ, եթե նա ծնված օրվանից տեսել է, որ իր շքեղ կյանքի համար պարտական է հենց նույն կոռուպցիա երևույթին:
Հ.Գ. Մեզ անհրաժեշտ են մարդիկ, որոնց համար «Դե բա, որ կաշառք չվերցնի, ո՞նց ապրի» արտահայտությունը ի սկզբանե անընդունելի լինի... Միայն այդպիսի կադրերով կարելի է երկիրը ոտքի կանգնեցնել: