ԴԱՈՆ դատարկ է, բայց կիրառման մեջ՝ անսպառ: Օ, ամենախոր: Նա թվում է նախահայրը բոլոր իրերի: Եթե բթացնեն նրա ներաթափանցությունը, ազատեն նրան անկարգությունից, չափավորեն նրա փայլը, նմանեցնեն նրան փոշեհատիկի, նա կթվա պարզորոշ գոյություն ունեցող: Ես չգիտեմ՝ ում ծնունդն է նա, ես միայն գիտեմ, որ նա նախորդում է երկնային տիրակալին:
Երկինքն ու երկիրը մարդասիրությամբ չեն լցված և թույլ են տալիս բոլոր էակներին սեփական կյանքով ապրելու: Կատարյալ իմաստունը մարդասիրությամբ չի լցված և թույլ է տալիս ողջ ժողովրդին սեփական կյանքով ապրելու: Մի՞թե տարածությունը երկնքի ու երկրի միջև նման չէ դարբնոցի փուքսին: Ինչքան շատ է նրա մեջ դատարկությունը, այնքան ավելի երկար է նա գործում: Ինչքան շատ է նրա մեջ դատարկությունը, քամին նրա միջից այնքան շատ է ելնում: Նա, ով շատ է խոսում, միշտ ենթարկվում է անհաջողության, դրա համար ավելի լավ է չափը պահպանել:
