«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Օգոստոսի 14-ի կեսօրից սկսած՝ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի հրդեհը ցնցել է ողջ երկիրը, եւ հիմա օդում թեւածում է հարցը՝ ինչու այդպես ստացվեց, ինչպես և ում թողտվության հետեւանքով է, որ պայթուցիկների պահեստը Երևանի կենտրոնում է տեղակայված, առանց կանոնների պահպանման:
Իհարկե, դեպքից հետո պատկան մարմինների կողմից սկսվեցին արդարացումները, թե այդ տարածքը տուգանված է եղել, քանզի անվտանգության կանոնները պահպանված չեն եղել: Մասնավորապես, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շտապեց ավագանիներից մեկի շուրթերով «արդարանալ», թե Երևանի տարածքային բաժնի հրդեհային եւ տեխնիկական անվտանգության մասնագետները 2021 թվականի մարտի 9-ից 16-ը ներառյալ ստուգում են իրականացրել եւ տվյալ տարածքում հայտնաբերել հրդեհային անվտանգության կանոնների պահանջների մեկ տասնյակից ավել տարբեր բնույթի խախտումներ: Պարզվում է՝ խախտման արձանագրությունը, կարգադրագիրը գրվել է զուտ թուղթ սևացնելու համար և անհասկանալի շարժառիթներով (կամ գուցե կոռուպցիոն մեխանիզմի կիրառման արդյունքում). մեկ տարվա ընթացքում ոչ միայն խախտումները չեն վերացվել, այլ տեսչական մարմնի կողմից նոր ստուգումներ չեն կատարվել՝ հասկանալու համար, թե ինչ իրավիճակ է հրդեհավտանգ գոտում, և որքանով է մարդկանց կյանքը վտանգված այնտեղ, ուր աշխատում են կամ առևտուր անում:
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի խոսնակը փորձեց իրավիճակը փրկել և իր անմիջական ղեկավար Գեղամ Շահբազյանին մաքրել պատասխանատվությունից, բայց ավելի վատ բան ստացվեց. նա, չգիտակցելով իր զբաղեցրած դիրքի կարևորությունը, տեսչական ողջ մարմնի գործունեությունը կասկածի տակ դրեց։
Պարզվում է՝ այդ կառույցը
մարդկային բավարար ռեսուրս չունի՝ մեկ տարի շարունակ ստուգելու՝ իր գրած ակտը կատարվել է արդյոք, վտանգը անցել է, թե ոչ:
Իսկ ովքե՞ր են ստեղծված իրավիճակի կոնկրետ պատասխանատուները: Նախ՝ մեկ տարի ոչինչ չեն արել եւ ստուգում չեն իրականացրել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները, որոնց այս տարվա աշխատանքի համար միայն հատկացված է եղել 250 մլն դրամի չափով պարգեւավճար: Այս մարմնի ղեկավարը Գեղամ Շախբազյանն է, որը պարգևներ ստանալիս և յուրայիններին բաշխելիս ակտիվ է, իսկ աշխատանքում, պարզվեց, մեկ տարի շարունակ անգործություն է ցուցաբերել:
Մյուս պատասխանատուն, բնականաբար, առևտրի կենտրոնի սեփականատեր Ռազմիկ Զախարյանն է, որը, մամուլի հրապարակումների համաձայն, խնդրել է հետաձգել խախտումների վերացման ժամկետը` «հաշվի առնելով, որ ընկերության կազմում կան բազմաթիվ առևտրի ու հասարակական սննդի օբյեկտներ»։ Ահա հենց այստեղ էլ սկսվում է ամենահետաքրքիրը. Երևանի ամենահարուստ մարդկանցից մեկը Գեղամ Շախբազյանին կամ նրա աշխատակիցներին բանավոր ինչ-որ բան է խնդրել, որը կատարվել է: Կոռուպցիոն մեխանիզմի ակնհայտ կասկածներ են առաջ գալիս, որը պետք է պարզեն իրավապահ մարմինները: Ինչու՝ որովհետև 1 տարվա վաղեմության այս «խնդրանքը» մարդկային կյանքեր արժեցավ:
Լուռ է նաև ՀՀ քաղաքաշինության կոմիտեն՝ ի դեմս Արմեն Ղուլարյանի: Մի անգամ այս պաշտոնյան «Սուրմալու» կամ դրա հարակից առևտրի կենտրոններ մտե՞լ է արդյոք, տեղյա՞կ է՝ քաղաքաշինական ինչ լուրջ խնդիրներ կան, որ հրդեհի դեպքում անգամ ոտքով փախչելն է այս տարածքներում անհնար…Անգործություն:
Երևանի քաղաքապետարանը եւս իր բաժին մեղքն ունի՝ համապատասխան վարչությամբ եւ ի դեմս Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի:
Ի վերջո, այս ամբողջ շղթայի անգործությունն արժանացավ մարդկային կյանքեր, ու դեռ ունենք տասնյակից ավելի անհետ կորածներ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։