News.am-ը գրում է․

ՌԴ-ում ստեղծվել է մարտական ռոբոտ ամենավտանգավոր ուղղություններում եւ քաղաքում գործողությունների համար, «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում «Բանակ» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի նախօրեին ասել է «Ռոստեխ» պետական կորպորացիայի տնօրենի առաջին տեղակալ Վլադիմիր Արտյակովը։

Նրա խոսքով՝ մարտական ռոբոտն ստեղծվել է Հետեւակի մարտական մեքենա -3-ի (ՀՄՄ-3) հիման վրա՝ «Սինիցա» մարտական մոդուլով։ Մեքենան գործում է առանց անձնակազմի, վարորդ մեխանիկի եւ հրաձիգի գործառույթները ռոբոտացված են։

«Մեքենայի առանձնահատկությունները թույլ են տալիս այն օգտագործել ամենավտանգավոր ուղղություններում։ Օրինակ, ռոբոտատեխնիկական համալիրը կարող է մարտ վարել քաղաքային բարդ շինությունում կամ գլխավորել մարտական շարասյունը»,- ասել է Արտյակովը։

Մեքենան նաեւ կարող է օգտագործվել մոտոհրաձգային ստորաբաժանումների կրակային աջակցման համար։

«Ռոստեխի» տնօրենի առաջին տեղակալի խոսքով՝ ՀՄՄ-3 ռոբոտը սպառազինության արդիական եւ արդյունավետ համալիր ունի՝ 30 միլիմետրանոց ավտոմատացված հրանոթ, գնդացիր, 7,62 միլիմետրանոց եւ 100 միլիմետրանոց  սարքավորում, որը կարող է օգտագործվել նաեւ որպես հակատանկային կառավարվող հրթիռի (ՀՏԿՀ) արձակման սարքավորում։

«Սինիցա» մարտական մոդուլը տեղանքը «տեսնում» է 360 աստիճանով օրվա ցանկացած ժամանակ։ Այն ունի ՀՏԿՀ-ի լիցքավորման մեխանիզմ եւ կրակի կառավարման ավտոմատացված թվային համակարգ։ Մարտական մեքենան կարող է հեռահար կառավարվել կրիչ վահանակի կամ հեռահար կառավարման օգնությամբ»,- ասել է Արտյակովը։

Նա նշել է, որ նոր մարտական ռոբոտը Կուրգանի մեքենաշինական գործարանի եւ  «Գերճշգրիտ համալիրներ» հոլդինգի «Սիգնալ» համառուսական գիտահետազոտական ինստիտուտի համատեղ նախագիծն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել