Tesadasht.am-ը գրում է.
Օգոստոսի 24-ից 29-ը Զիմբաբվեի Վիկտորիա-Ֆոլլս և Զամբիայի Լիվինգստոն քաղաքներում կայացած ՄԱԿ Զբոսաշրջության Համաշխարհային Կազմակերպության (ՄԱԿ ԶՀԿ) գլխավոր ասամբլեայի 20-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի է ունեցել 2013թ. Vettor Giusti զբոսաշրջային պաստառների առցանց քվեարկությամբ ցուցահանդես-մրցույթը, որին մասնակցել են ՄԱԿ ԶՀԿ 156 լիիրավ անդամ պետություններ և շուրջ 400 աֆիլացված անդամներ:
Մրցույթի արդյունքում Հայաստանը ներկայացնող Քարերի Սիմֆոնիա պաստառը ճանաչվել է Եվրոպայի տարածաշրջանի հաղթող: Մրցանակը հանձնվել է Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանին:
Հայաստանի զբոսաշրջային պաստառը մինչև հաջորդ նստաշրջանը` 2 տարի շարունակ, տեղադրված կլինի ՄԱԿ ԶՀԿ պաշտոնական կայքի գլխավոր էջում, ինչպես նաև Մադրիդում ՄԱԿ ԶՀԿ գրասենյակի նախասրահում, ինչը կարող է էապես նպաստել Հայաստանի զբոսաշրջության գրավչության բարձրացմանը միջազգային շուկայում:
Հիշեցնենք, որ 2011 թվականին Կորեայի Կյոնջու քաղաքում կայացած ՄԱԿ ԶՀԿ գլխավոր ասամբլեայի 19-րդ նստաշրջանի շրջանակներում կայացած զբոսաշրջային պաստառների Vettor Giusti ցուցահանդես–մրցույթի արդյունքում Հայաստանը ներկայացնող պաստառը հաղթող էր ճանաչվել ժողովրդի ընտրություն (People՛s Choice Award) անվանակարգում: