Իրա՞ն, թե՞ Թուրքիա. ո՞ւմ է ընտրում Նիկոլը

Հարափոփոխ աշխարհում, երբ բոլորի աչքի առաջ աշխարհակարգ է փոխվում, հատկապես փոքր երկրների համար կարևոր է վարել ճկուն դիվանագիտություն՝ հիմված պրոցեսների խորքային վերլուծության վրա:

Այս առումով Հայաստանի կողմից վարվող ներկայիս արտաքին քաղաքականությունը խիստ անհասկանալի է թվում. որդեգրելով ընդգծված թրքամետ կեցվածք՝ Հայաստանը, փաստորեն, ընտրում է արևմաթուրքական ուղղությունը՝ առայժմ նախընտրելով դրա մասին չբարձրաձայնել: Խնդիրը, սակայն, այն է, որ այս ընտրությունը Հայաստանը կատարել է՝ոչ թե ելնելով սեփական շահերից կամ կատարված հաշվարկներից, այլ այն պատճառով,որ ՔՊ-ականներին այդպես թելադրվել է նրանց կուրատորների կողմից:

Վերջին շրջանում նկատվում է ՌԴ-Իրան հարաբերությունների սերտացում. մեկ անգամ չէ, որ Իրանի ղեկավարությունը հայտարարել է Մոսկվայի հետ բոլոր հնարավոր ուղղություններով հարաբերություններ զարգացնելու մասին, խոսել անգամ ՌԴ-ին ռազմատեխնիկական աջակցություն տրամադրելու պատրաստակամության մասին՝ արժանանալով Պենտագոնի բացասական արձագանքին: Բացի դա՝ արդեն հայտնի է դարձել, որ Թեհրանը մտադիր է ընդլայնել ՌԴ-ի հետ համագործակցությունն ազգային արժույթներով առևտրի հաշվին, իսկ օրերս էլ հայտնի դարձավ, որ Ռուսական «Գազպրոմի» հետ Իրանի նավթարդյունաբերության պատմության մեջ օտարերկրյա ներդրումային ամենախոշոր հուշագիրն է ստորագրվել. Մոսկվան իրանական նավթագազային համակարգում մոտակա տարիներին պատրաստվում է ներդնել շուրջ 40 միլիարդ դոլար, ինչը համաշխարհային էներգետիկ շուկայում Կրեմլի դիրքերն էականորեն կամրապնդի՝ դուրս բերելով նրան խոցելի վիճակից: Այսինքն՝ Իրանը փաստացի հայտարարում է ու գործնականորեն ցույց տալիս, թե աշխարհաքաղաքական բևեռներից հատկապես ում է նախընտրում այն դեպքում, երբ ինչպես խոստովանում են արևմտյան պաշտոնյաներն ու վերլուծաբանները, Իրանի հետ միջուկային համաձայնագրի կնքման հնարավորությունների պատուհանը արագորեն փակվում է:

Այս իրավիճակում առաջ է գալիս Հայաստանի դիրքավորման խնդիրը: Արդյոք ՔՊ-ական իշխանության դեմքով հանդես եկող պաշտոնական Երևանը ճակատագրական սխալ թույլ չի՞ տալիս՝ ընտրելով թուրքական շահը՝ հակառակ իր ու բնական դաշնակիցների շահերի: Ներկայումս գուցե այնքան ցցուն կերպով արտահայտված չէ Հայաստանի արևմտամետ ուղղվածությունը, բայց երբ բացվի հայ-թուրքական սահմանը, Երևանը կսկսի ավելի համարձակորեն խոսել իր հայացքների մասին. եթե Նիկոլը դա չանի, ապա նրան կփոխարինեն այնպիսի մեկով, որը բացարձակապես կոմպլեքսավորված չի լինի՝ բացահայտելու իրականությունը:

Կովկասում Թուրքիայի դերի հզորացումը ձեռնտու չէ ո՛չ Մոսկվային, ո՛չ էլ Իրանին՝ չնայած առերևութաբար Կրեմլը փորձում է ցույց տալ, որ Անկարայի աշխուժությունն իր վրա չի ազդում: Հայաստանն երկու հզոր երկրների կողմից դիտարկվում է որպես յուրատեսակ կողպեք՝ Կովկասի դռանը, որի միջոցով արգելափակվում է Թուրքիայի առաջխաղացումը: Հիմա Նիկոլը այդ կողպեքը ջարդում է՝ Հայաստանի սահմանների հարցը, փաստոեն, թողնելով երրորդ երկրների հայեցողությանը՝ փոխարենն օգտվելու առիթից ու զարգացնելու հարաբերություններն Իրանի հետ, որի՝ Մոկսվայի հետ ջերմացած հարաբերությունները թույլ են տալիս Երևանին՝ չարժանանալու Մոսկվայի ընդվզմանը:

Իրանը բազում անգամներ հայտարարել է Երևանի հետ հարաբերությունների խորացման հարցում ունեցած շահագրգռվածության մասին, ինչին ի պատասխան չնայած Երևանից հնչել են ադեկվատ թվացող արձագանքներ, բայց փաստն այն է, որ խոսքերից անդին բանը չի հասել: Ավելին՝ եթե չլիներ Իրանի միանշանակ հակազդեցությունը, ապա Երևանը չէր վարանելու մաս կազմել հակաիրանական իսրայելամետ առանցքին, որի բաղկացուցիչ մաս է Ադրբեջանը: Նույն «Զանգեզուրի միջանղքը» Նիկոլը վաղուց էր Էրդողանին նվեր մատուցել, եթե չլիներ Իրանական կողմի կոշտ կեցվածքը, որը սկսել է սատարել նաև Կրեմլը. բացառված չէ, որ Իրանի ռուսամետ քաղաքականությունը պայմանավոված է նաև Իրանի համար «Զանգեզուրի միջանցքի» չեղարկման անհրաժեշտությամբ՝ հաշվի առնելով իրավիճակի վրա ՌԴ ունեցած ազդեցության մակարդակը:

Մի բան հստակ է՝ եթե իշխանությունները շարունակեն երկակի խաղերն ու ազնիվ չգտնվեն Հայաստանի դաշնակիցների հետ՝ նախընտրելով թուրքերի հետ ոչ մի տեղ չտանող սիրախաղը, ապա հետևանքները կարող է ողբերգական լինել: Նիկոլն էլ է թերևս այս ամենը հրաշալիորեն գիտակցում, սակայն ղազագիրն է համը հանում՝ ստորագրված վարչապետ դարձած լրագրողի ձեռամբ որպես իշխանությունը վերցնելու գին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել